«Ալեն Սիմոնյանի ասածի մեջ բացարձակապես զարմանալու բան չկա, որովհետև թուրքից ի՞նչ եք սպասում»․ Հրաչ Ջաբրայան
«Երեկ բոլորը տեսան՝ ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում․ պարզ է, որ այդտեղ արդեն խուլիգաններ են և ոչ պատգամավորներ։ Գիտեք՝ ժամանակին բողոքում էին այս կամ այն պատգամավորից, բայց այժմ տեսնում ենք՝ որ ոչ միայն ավելի լկտի են, այլև ընդհանրապես որևէ մարդկային հատկություն չունեն, և այդ մարդիկ այդտեղ չպետք է լինեն»,- 168.am– ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ՝ պահանջելով հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»: Այս ակցիայի ընթացքում Հրաչ Ջաբրայանը բերման էր ենթարկվել։
Սփյուռքահայ գործարարը նշեց, որ ի թիվս այլ դաշնակցականների՝ երեկ նա ևս ԱԺ-ի առջև էր՝ արտահայտելու իրենց ընդվզումը իշխանական պատգամավորների կեցվածքի հանդեպ։
Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու դրվագին՝ նա ասաց․ «Մինչև մեր հավաքվելը, այնտեղ արդեն բազմաթիվ, բազմատասնյակ ոստիկաններ էին հավաքվել։ Մայթի վրա կանգնած էինք, այդ պահին պարզապես տղաներին ասացի՝ տղե՛րք, եկեք, էս Նիկոլի ստրուկները մի՛ եղեք․ ի վերջո, տղամարդ պետք է լինել։ Անմիջապես կանչեցին կարմիրբերետավորներին և իրենց խուլիգանական ոճով ինձ բերման ենթարկեցին»։
Հրաչ Ջաբրայանը տեղեկացրեց՝ միջադեպի մասին արդեն զեկուցել են ՄԻՊ-ի գրասենյակին՝ նկատելով, որ այսօր Հայաստանում խոսքի ազատություն չկա։
Քանի որ հասարակական տարբեր շրջանակներում հնչում են տեսակետներ, որ ԱԺ-ում իշխանական պատգամավորների կողմից միջադեպի հրահրված բեմադրություն էր, որպեսզի հասարակությանը շեղեն գերիների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարություններից, ՀՅԴ գործչից հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է վերաբերում ԱԺ նախագահի հայտարարություններին։
«Եթե մենք հասկանանք, թե այդ մարդիկ ովքեր են, այդտեղ բացարձակապես արտառոց բան չկա․ այսինքն՝ Ալեն Սիմոնյանի ասածի մեջ բացարձակապես զարմանալու բան չկա, որովհետև թուրքից ի՞նչ եք սպասում։ Եթե մենք՝ ժողովուրդս, տակավին չենք հասկացել, որ մեր իշխանությունները թուրքի դրածոներն են, ուրեմն, այո՛, պետք է շարունակաբար ապշենք իրենց ասածների շուրջ։ Բայց ես բացարձակապես չեմ զարմացել, որովհետև պատերազմի օրերից աչքովս եմ տեսել, թե այս իշխանությունն ինչպես պայմանավորված պատերազմի ուղարկեց մեր ժողովրդին, ազգին, բանակին։
Սակայն մարդիկ դեռ կուրորեն հետևում են, հավատում են, որովհետև, դժբախտաբար, մարդն իր աչքի տեսածին չի հավատում, բայց ականջի լսածին հավատում է․ դե այնքան սուտ են խոսել, որ ուրիշի շրթունքներով ելած ստերին հավատում է այս ժողովուրդը, բայց իր աչքով տեսած իրականությանը չի հավատում»,- ի պատասխան՝ նշեց նա։