
Ինչի՞ց է սկսվել ԱԺ ծեծկռտուքը

Քիչ առաջ Ազգային ժողովի (ԱԺ) իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա ու ծեծել նրանց:
168.am-ի տեղեկություններով՝ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ըստ նախնական տվյալների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը ընդդիմադիր պատգամավորների օգնականներին կանչել է իր սենյակ՝ պարզելու համար, թե ինչու չեն բարևել Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին ԱԺ միջանցքում: Ըստ նրանց՝ Հրաչյա Հակոբյանի բարևին ընդդիմադիր պատգամավորի օգնականը չի արձագանքել, իսկ հարցին՝ ինչո՞ւ չի բարևում, պատասխանել է՝ լավ եմ անում, ձեզ չի հասնում:
Հետո իբր հարթելու նպատակով պատգամավորների օգնականներին կանչել են իրենց սենյակ ու 30 պատգամավորով հարձակվել 3 հոգու վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգնականներն ունեն կոտրվածքներ:
ԱԺ է հրավիրվել շտապ բուժօգնության բրիգադ, դրանք կարձանագրվեն:
Այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել է ընդդիմադիր պատգամավորների հատված՝ իրավիճակը հարթելու նպատակով: