Քովիդով թե առանց քովիդ՝ կյանքը մեկ անգամ է տրվում. պատվաստվեք, եթե ունեք QR կոդ՝ համբուրվեք, լողավազան գնացեք, ապրեք…
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արյունաբան, անկախ Հայաստանի 90-91թթ. առողջապահության նախարար, առողջապահության ոլորտի կառավարման մասնագետ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:
Ցավոք, հաղորդման տեսագրության պահին տարածքի հոսանքազրկման պատճառով մենք ստիպված եղանք մեր զրույցը շարունակել տաղավարից դուրս՝ բացօթյա տարածքում. ծագած տեխնիկական և ձայնային խնդիրների համար հայցում ենք հեռուստադիտողի ներողամտությունը:
Բանախոսը նշել է.
- Դիմակը դիմացի մարդուն հարգելու նշան է:
- Այսօր արդեն հաստատված է՝ քովիդը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, մինչդեռ սկզբնական շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հակառակն էր ասել, թե այդ ճանապարհով չի փոխանցվում: Նրա այդ հայտարարության հիմքերը կիսագիտական էին և քաղաքական: Իհարկե, այդ ժամանակ վիրուսը դեռ ուսումնասիրված չէր, բայց քաղաքական պատճառը Չինաստանի իշխանություններին պաշտպանելն էր. Գեբրեյեսուսը ԱՀԿ գլխավոր տնօրեն էր դարձել Չինաստանի լոբբինգի շնորհիվ:
- Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի այլ միջոց, քան պատվաստումն է, չկա: Պարտադիր կրել դիմակ, հաճախ լվացվել և պատվաստվել:
- Ինֆեկցիան կա, բավականին տարածվող է, կշարունակվի, ևս 2-3 տարի դեռ պետք է ապրենք Քովիդի հետ:
- Նրանք, ովքեր ոչինչ չեն անում, չեն ուզում պատվաստվել, դա, իհարկե, իրենց իրավունքն է, բայց կարող են կանգնել վտանգի առաջ:
- Բնակչությանը պետք է բացատրել հասկանալի լեզվով՝ պատվաստումը ոչ թե վերացնում է վարակը, այլ կանխում է ծանր հետևանքը՝ մահը:
- Քովիդն ընտանեկան հիվանդություն է:
- Քովիդը չի փոխանցվում արյան փոխներարկման միջոցով: Չի փոխանցվում ոսկրածուծի, երիկամի փոխպատվաստման միջոցով:
- Քովիդը չի փոխանցվում լողավազանում՝ ջրի միջոցով:
- Քովիդը չի փոխանցվում համբույրի միջոցով, սեռական հարաբերությունների ժամանակ, եթե զուգընկերները պատվաստված են:
- Մարդկանց գործողությունները, վարքագիծն ավելի շատ էմոցիոնալ են, քան ռացիոնալ:
- Բոլոր պատվաստանյութերն ունիվերսալ են, նույնն են, ստեղծվել են նույն սկզբունքով:
- Քովիդի նոր շտամի՝ Օմիկրոնի առաջին սիմպտոմներից մեկը սուր, անակնկալ հոգնածության զգացողությունն է:
- Առայժմ հայտնի որոշ տեղեկությունների համաձայն՝ Օմիկրոնն այդքան դաժան ընթացք չունի:
- Հայաստանում հատկապես տարածված են սրտանոթային, ուռուցքային և թոքային հիվանդությունները:
- Քովիդով թե առանց քովիդ՝ կյանքը մեկ անգամ է տրվում, ուրեմն պետք է պատվաստվել, ապրել, ապրել էսօրվա կյանքով:
- Պետք է խուսափել մարդաշատ միջոցառումներից, պահպանել անձնական հիգիենան, զբաղվել սպորտով:
- Մեր երկրում պահանջվում են մարդիկ, որոնք ունեն ռազմավարական մտածելակերպ, ինչպես Ֆորմուլա 1-ի վարորդը, որ ոչ թե մի քանի, այլ 100 մետր առաջ է նայում:
- Հայի գենը եզակի չէ: Բոլոր մարդիկ նույնն են, նրանց գենետիկական պատկերը նույնն է, հայերն էլ եզակի չեն: