Գյումրիում ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար կծախսվի 10 մլն 400.000 դրամ
Գյումրին այս տարի տոնածառ կունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանին ամանորյա պատրաստությունների և միջոցառումների համար համայնքի բյուջեից 10 մլն 400 հազար դրամ կհատկացնի:
Հատկացված գումարից 5 մլն դրամը տոնածառի տեղադրման և լուսավորության համար է ծառայելու: Նախորդ տարիների համեմատ այս տարի զարդարանքը շատ ճոխ չի լինի, հիմնականում տոնականորեն կլուսավորվի կենտրոնի հատվածը: Մեծամասամբ կօգտագործվեն նախորդ տարիների զարդարանքները: Հրավառություն նախատեսված չէ:
Գումարից մի հատված էլ առաջարկվեց օգտագործել Գյումրու քաղաքապետարանում ավագանու անդամների և կառույցի աշխատակիցների համար հյուրասիրություն կազմակերպելու նպատակով, ինչին «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը ավագանու նիստի ժամանակ դեմ արտահայտվեց:
«Ես ևս առաջարկում եմ՝ երեխաների համար տոնածառ թող տեղադրվի, բայց հյուրասիրություն, ֆուրշետ, 600 հազար, 900 հազար, տեխնիկա, լուսավորության պահը հանվի», -ասաց Վարդևան Հակոբյանը։
Ավագանին ձայների մեծամասնությամբ որոշեց՝ հյուրասիրություն կլինի, բայց 600 հազար դրամի շրջանակներում: Երեխաների համար ամանորյա տոպրակներ կլինեն, որոնց համար 3 մլն դրամ է տրամադրվելու: