«Լավրովի պլանը» մտացածին իրողություն է. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ալեն Սիմոնյանի պնդումներին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Լավրովի պլանի» մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտություններին՝ հայտարարելով, որ բարդ է մեկնաբանել այն, ինչը գոյություն ունի ոչ թե իրականում, այլ պատկերացումներում:

«Բարդ է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականության մեջ, այլ պատկերացումներում: Այդպիսի մտացածին իրողությունների թվում է «Լավրովի պլանը»»,- ռուսական «Րիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ չի կարելի խոսել հանձնման մասին, քանի որ խոսքը եղել է ԼՂ հակամարտության փուլային լուծման մասին:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են, որ կարգավորման պլանի վերջին խմբագրված տարբերակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին փոխանցել են 2019 թվականի հունիսին:

ՌԴ ԱԳՆ-ից նաև հստակեցրել են. «Նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել  հինգ շրջաններ առաջին փուլում, երկրորդում՝ երկու շրջան՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ  պարտադիր»:

«Պլանի այլ տարրերից էին ԼՂ-ի համար իր բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման հանձնառության ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցի հստակեցումը՝ հաշվի առնելով Ադրբեջանին Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը»,- հիշեցրել է նախարարությունը։

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցային սեղանին դրված առաջարկները բառացիորեն նախատեսում էին հետևյալը. ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արձանագրող և միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան իրավական պարտավորություն ունեցող համազգային քվեարկություն»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանրաքվեի դրվելիք հարցի կամ հարցերի ձևակերպումը որևէ կերպ չէր սահմանափակվում, իսկ յուրաքանչյուր արդյունք՝ հարգվում կողմերի կողմից:

ՌԴ ԱԳՆ-ից նաև ասել են, որ տվյալ առաջարկները, որոնց շուրջ լիարժեք համաձայնության հանգել չի հաջողվել, չեն մերժել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում:

«Փաստերը խոսուն են. բաց են թողնվել խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ, և ոչ Ռուսաստանի մեղքով»,- նշել են նախարարությունից, հորդորելով.

«Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ստեղծված իրավիճակի հետ և հետևություններ արեք»։

«ՌԴ ԱԳՆ-ում մշտապես հարգում են այլ երկրների հասարակական կարծիքը, նույնիսկ, եթե համաձայն չեն դրա հետ: Դա կրկնակի ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին և բարեկամներին, որոնց թվին պատկանում է Հայաստանը»,- նշել են նախարարությունից՝ հավելելով, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, և միտումնավոր կանխակալ դատողությունները, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են, սկսում են շրջանառվել լրատվական տարածքում:

«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման մասին» անհեթեթ մտքերը, այլև, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- ասել  են ՌԴ ԱԳՆ-ից:

Գերատեսչությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ավարտին նպաստելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, վկայում են այդ մասին։

«Ռուսաստանը չափազանց շահագրգռված է օգնելու հայերին և ադրբեջանցիներին՝ շրջել իրենց հարաբերությունների ցավոտ էջերը, նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Տեսանյութեր

Լրահոս