Բանակին մատակարարվող ելակը և Արթիկի ՏԻՄ ընտրությունները
Առաջին հայացքից իրար հետ որևէ կապ չունեցող այս երկու երևույթներն իրականում շատ սերտ կապ ունեն միմյանց հետ։
Բանն այն է, որ Արթիկում գործող Վարդանյանների ընտանիքի (չշփոթել «Գրանդ հոլդինգի» սեփականատերերի հետ.- Ա.Վ.) տնօրինության տակ գտնվող ջերմոցային տնտեսությունն ակտիվորեն ներգրավված է Արթիկի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին՝ ի դեմս Ոսկան Վարդանյանի։
Փորձենք հետհայացք գցել և տեսնենք, թե ինչպես Արթիկի ելակը ձեռքի թեթև շարժումով մտավ հայկական բանակ և որոշ մարդկանց համար դարձավ փիառ արշավի հիմնական ուղություն։
168.am-ի տեղեկություններով՝ 2020 թ. գարնանը, երբ կորոնավիրուսը մուտք գործեց Հայաստան՝ Արթիկի ջերմոցային տնտեսության համար փակվեցին ելակը սպառելու բոլոր տարբերակները, ու այդ պայմաններում տնտեսության տնօրինությունը դիմեց ընտանիքի քավոր, այդ ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ բանակի ճաշացանկում ելակ ավելացնելու խնդրանքով։
Տոնոյանն ընդառաջում է Վարդանյաններին ու ամբողջ ելակը բանակի միջոցներով գնում։
Ճակատագրի հեգնանքով Տոնոյանն այսօր կալանավորված է, իսկ Ոսկան Վարդանյանը ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նշանակվել է Արթիկի փոխքաղաքապետ և համատեղության կարգով տեղավորվել Մխիթար Վարագյանի գլխավորած «Միասնական Արթիկ» դաշինքի ցուցակի երկրորդ համարի ներքո՝ իր հետ ցուցակում ներգրավելով մի քանի ընկեր-բարեկամներ, որպեսզի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքի նկատմամբ վերահսկողություն և կառավարում իրականացնելու համար հնարավորություն ունենա։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Արթիկի ելակը բանակից մտավ քաղաքականություն։