Բյուջեից ավելի քան 885 միլիոն դրամ հատկացվեց Հայաստանի մի շարք մարզերի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին օրենքի նախագծը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասնեց, որ այս նախագծով առաջարկվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2020-2021 թվականներին հավանության արժանացած և իրականացված կամ իրականացման փուլում գտնվող 36 համայնքների  40 ծրագրերի համար պահուստային ֆոնդից հատկացնել 885.178.000 միլիոն դրամ․

«40 ծրագրերով նախատեսված աշխատանքները համայնքներն իրենց մասով ֆինանսավորել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Նշված ծրագրերից 4-ը 2020 թվականին է հաստատվել, 36-ը՝ 2021 թվականին։ Ընդհանուր գումարը 1 միլիարդ 872 միլիոն է, որից 885 միլիոնն է պետության մասնաբաժինը և ըստ մարզերի ունի հետևյալ բաշխվածությունը՝

Արարատի մարզ՝ 7 ծրագիր, 69 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր, 241 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 6 ծրագիր, 256 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 8 ծրագիր, 152 միլիոն դրամ․ Լոռու մարզ՝ 9 ծրագիր, 147 միլիոն դրամ, և Շիրակի մարզ՝ 3 ծրագիր, 18.5 միլիոն դրամ։ Այս որոշմամբ ակնկալվում է շինարարներին գումարները հատկացնել, ոմանք աշխատանքներն ավարտել են, ոմանք ավարտական փուլում են գտնվում․․․»։

Փաշինյանը ՏԿԵ նախարարից հետաքրքրվեց, թե որակի վերահսկման առումով կառավարությունն ի՞նչ գործառույթներ է իրականացրել, և որքանո՞վ են համոզված, որ սուբվենցիոն ծրագրերը պատշաճ որակով են իրականացվում։ Սանոսյանը պարզաբանեց, որ ՏԿԵ նախարարությունն ունի համապատասխան աշխատակիցներ, որոնք մարզային գործընկերների և տեսչական գործընկերների հետ այցեր են կատարում համապատասխան շինհրապարակներ․

«Ցավոք սրտի. պետք է ասել, որ բավական դեպքեր ուեննք, որտեղ հայտնաբերվում են նախագծային թերություններ, շինարարական թերություններ, ունենք դեպքեր, որոնք շտկելի են, և շինարարներին ժամկետ է տրվում, որպեսզի շտկեն, և կլինեն հստակ դեպքեր, եթե այն նորմերը, որոնք նախանշված են, չբավարարի, ապա այդ դեպքում շինարարները չեն վճարվի։ Ցավոք սրտի, մեր երկրում դեռ կան շինարարներ, որոնք նոր խողովակ ասվածը հասկանում են՝ ներկած խողովակ․ մենք այդպիսի դեպքերը փորձում ենք թույլ չտալ և բավական խիստ կվարվենք, ունենք փորձեր, որոնց նկատմամբ տեսչական մարմինը վարույթ է ընդունել․․․»։

Փաշինյանի հարցին՝ ի՞նչ են անում, երբ տեսնում են, որ խողովակը ոչ թե նոր է, այլ ներկած է, Սանոսյանը պատասխանեց, որ տվյալ շինարարը պետք է այդ հատվածն ամբողջությամբ քանդի և նոր խողովակներ տեղադրի․

«Եթե ժամկետների մեջ կանի՝ լավ, եթե ոչ՝ տուգանվում է ըստ օրերի քանակի, իսկ եթե չփոխի՝ ուղղակի որևէ գումար չի վճարվի, և մենք հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս