«Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի հրադադարի առաջարկից հրաժարումը պատահական չէր․․.». Արմեն Նավասարդյան
Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ դաշնակիցդ քեզ ցեղասպանության ենթարկել ձգտողի սանձերը տևական ժամանակ քաշած է պահում, երբեմն իր ձգված մկանները թուլացնելու, հանգստացնելու և ուժասպառությունից սանձերն անվերահսկելի կերպով ուղղակի բաց չթողնելու նպատակով նաև գուցե ստիպված համաձայնվի մի պահ կերակրել այդ կենդանուն․․․
Մինչ 2018-ի հայտնի իրադարձությունները մենք կարողանում էինք ամենատարբեր մեթոդներով, այդ թվում դաշնակցին տնտեսական կախվածության տարբեր չափաբաժիններով սնելով և ուժ տալով, սեփական մարտունակ ու ուժեղ բանակ կառուցելով՝ խուսափել այն աղետաբեր սցենարից, որի իրականացումից չխորշեց Փաշինյանը․․․
Մեր երկրում ծնված դավաճանների մի փոքրիկ կլիկ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների կոնսեսիուսի արդյունքում 2018-ին հանուն այսպահական շահերի և իշխանական անցողիկ հաճույքների համաձայնեց իշխանությունը բռնազավթելով՝ ստանձնել այն սցենարի իրագործումը, որի դեպքում այդ սանձված կենդանուն կերակրելու էին մեր պարտադիր պարտությունով, սեփական հայրենիքի մի մեծ մասով, հայերիս նվաստացմամբ ու վարկաբեկմամբ․․․Դրան հաջորդելու էլ նաև պետականության աստիճանական կորուստը․․․
Փաշինյանն որպես տիպիկ դավաճան, գուցե թշնամուց այլ, ավելի հյութեղ օգուտների ակնկալիքներով ու վերջիններիս քաղցր խոստումներով հարբած՝ այդ սցենարը թաթախեց ևս մի քանի հազար հայ զինվորի արյան մեջ և դրան սոսնձեց նաև Շուշիի ու այլ բնակավայրերի հանձնումը․․․
Հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահի հրադադարի առաջարկից հրաժարումը պատահական չէր․․․Հանուն մեր ազգային շահերի ու հանուն հայրենիքի պայքարի շարունակման Փաշինյանի ձգտման տարբերակը բախվում է դառն իրականությանն ու փշրվում, որովհետև Շուշին դժբախտ, դժգույն քաղաք համարողից, պատերազմը սկսվելուց արդեն հանրությանն ապագա պարտությանը համակերպվելուն պատրաստողից, իր գիտակից ողջ կյանքում Արցախը բեռ համարողից ու արցախահայության հանդեպ ատելություն սերմանողից, իշխանությունը ստանձնելուց հետո միայն պետականաքանդ գործունեությամբ ու խաբեբայություններով առանձնացողից այլ բան պետք չէր սպասել, քան այն ինչ տեղի ունեցավ․․․
Երրորդ նախագահն ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող, հաղթանակներ կերտած ղեկավար էր և չէր համաձայնի ու չհամաձայնեց մասնակիցը դառնալ այն սցենարին, որի կատարմանը սիրով լծվեց Փաշինյանը․․․
Իշխանափոխություն, պատերազմ, հետպատերազմյան գործընթացներ շղթան շատ կուռ է և փոխլրացնող․․․
Կարծում եմ, երբ երրորդ նախագահն ասում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, երբ ասում է, որ միջանցքի մասին խոսք լինել չի կարող, դրա համար լուրջ հիմքեր ունի․ դա շղթայի վերջին օղակներն են, որոնք վաղուց ձուլված են․․․Դա այն աղետաբեր սցենարի մի մասն է, որին ինքը ծանոթ է և որի մասնակիցը դառնալուց արժանապատվորեն հրաժարվել է․․․Դա սցենարի այն մասն է, որը համապատասխանում է է նաև մեր դաշնակցի շահերին․․․
Այսօր, այս իրավիճակում ընդդիմության հաջորդ համարձակ քայլին խոչընդոտում է մեր երկրի անվտանգության պահպանման գործում հայկական բանակի երկրորդական դերում գտնվելու մեծ պատը․․․Կատարվում է այն, ինչը վաղուց պլանավորված է․․․
Արդյո՞ք պատերազմից հետո կարելի է հիասթափվել մեր դաշնակցից, գուցե այո՛․․․
Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ անգամ այսպիսի իրավիճակում մեզ պաշտպանողի շահն անուղղակի, գուցե անտեսանելի տեսքով վերջին հաշվով բխում է նաև մեր շահերից, որովհետև հանուն արդարության չպետք է մոռանալ, որ անկախությունից ի վեր մենք մեր անվտանգության բացարձակ երաշխավորը չենք եղել․․․
Հասկանում եմ նաև, որ կործանարար սցենարի իրագործումը ստանձնելուն համաձայնել են հայ ազգից ծնված դավաճանները, այդ տարբերակը սիրով ընտրել են ազգությամբ հայեր, ովքեր տարօրինակ կերպով սիրված էին հասարակության լայն շրջանակների կողմից, իսկ դավաճանական հակումներով առանձնացողներին իշխանության հասցնելու հայ մարդկանց խելահեղ պոռթկումը պետականության ընկալողունակության գրեթե իսպառ բացակայության, դրան արժանի չլինելու հստակ ազդակ էր․․․ Դրա հիմքում այն փաստերն են, որ նախ մեր Հայրենիքի այս մի փոքր մասն էլ արյունաքամ անող Փաշինյանը, անկախ ընդդիմության գործելաոճից, չարժանացավ հայ հասարակության համընդհանուր բացասական գնահատանքին, իսկ հետո ուղղակի վերընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում․․․
Ընդդիմությունը հնարավորության պատուհանի բացման դեպքում անմիջապես իշխանափոխություն կազմակերպելու համար այժմ պետք է հանրության մեջ վառ պահի ներքին թշնամիների դեմ պայքարի ոգին, հանրության պատմական հիշողության մեջ թարմ պահի մեր թշնամիների վայրագությունները, նրանց պիղծ էությունը, ազգի մեջ արթնացնի արժանապատվության զգացումը, ապագա խաղաղության համար հանրությանը պատրաստի ոչ թե ստրուկի դիրքերից հանդես գալուն, այլ հավասարի, որովհետև այժմյան թուլամորթ ու ծախված իշխանությունների կողմից թշնամու նկատմամբ դրսևորվող ներումն ու մեծահոգությունն առնվազն անբարոյականություն է, որը ստվերում է նաև ողջ ազգի նկարագիրը․․.»: