
Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում. Կարեն Գիլոյան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով՝ «Վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարը կարող է նոր մշակույթի հիմք դառնալ սպորտը մասսայականացնելու հարցում:
«Սա կլինի երկրորդ մասսայական միջոցառումը «Վարչապետի գավաթ» անունով: Հաջորդ տարի կլինի արդեն 4 մրցաշար` հունվարի 28-ին` սեղանի թենիս, մայիսի 28-ին` հեծանվավազք, հուլիսի 5-ին` լող, սեպտեմբերի 21-ին` վազք: Մեր նպատակը մեկն է` քարոզել առողջ ապրելակերպը: Հայաստանում պրոֆեսիոնալ մարզիկ 10 կմ վազող շատ քիչ կա: Կրոսավազքը կարող է նոր մշակույթ ձևավորել մեր հասարակությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիլոյանը: Վերջինս շեշտեց, որ որպեսզի ձևավորվի սպորտային մշակույթ` ժամանակ է պետք: