«Եթե Վազգեն Սարգսյանը լիներ, նման բան չէր լինի». Սասուն Միքայելյանը՝ պատերազմում պարտության մասին
Եթ Վազգենը լիներ, նման բան չէր լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վերջին պատերազմում կրած պարտությանը:
Նրա խոսքով, 22 տարի առաջ հոկետմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության հիմքում հենց Արցախի հարցն էր. «Գլխատվեցին ամբողջ օրենսդիր եւ գործադիր մարմինները մեր պետության վերելքի ժամանակաշրջանում: Եթե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կենդանի լինեին, մենք այսօր ուրիշ պետություն կունենայինք: Հզոր բանակ կունենայինք, եւ սա չէր լինի:
Ես իմ անձնական կարծիքն եմ ասում, որ երբ Վազգեն Սարգսյանը եւ մյուսները գնդակահարվեցին, մեր պետությունը հիմքից քանդվեց»,- ըստ news.am—ի՝ ասաց նա՝ հավելելով, որ բոլորն էլ պահանջում են, որ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի:
Անդրադառնալով սահմաններում առկա իրավիճակին, ԵԿՄ նախագահն ասաց. «Սահմանային իրավիճակը ոչ բարվոք է: Ժողովուրդը ոչ թե պետք է վախենա, այլ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այսօր Հայաստանի պետական սահմաններն են վտանգված, Երկրապահն այդ ուղղությամբ իր գործն անում է: Մենք պետք է համախմբվենք կանգնենք բանակի կողքը, բանակը հզորացնենք:
Ես ոչ կարող եմ ասել՝ պատերազմ կսկսվի, ոչ կարող եմ ասել՝ չի սկսվի: Ցավում եմ, որ պատմությունից դասեր չկարողացանք քաղել, միշտ նույն սխալը կրկնում ենք»: