«Սրիկայություն է արտասահմանում գտնվող պատվիրակության դեմ դեբոշներ կազմակերպելը». Վիգեն Խաչատրյան

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»« դաշինքների նախաձեռնած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը:

Հարցի հիմնական զեկուցող, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պատգամավորների հարցերին ի պատասխան՝ նաև նշեց, թե իրեն թվում է՝ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում «շատ ու շատ նոր սրիկայություններ կբացահայտենք»։

Մամիջանյանի հենց այս հայտարարության վրա էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կառուցեց իր ելույթը՝ անուղղակիորեն անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության դեմ այս օրերին կատարվող ակցիաներին ու ընդդիմությանը հորդորելով զգույշ լինել՝ սրիկայության մասին խոսելիս:

«Այս խնդիրը, իրոք, մտահոգիչ է: Եվ ես ունեմ, անհամեստություն է, լայն կապեր սփյուռքում, և ամիսներ տևող անհանգստություն են հայտնում իմ ընկերները՝ այնտեղ, որ մտածված քաղաքականություն է վարվում՝ վարկաբեկելու այս հիմնադրամը, և մարդկանց մոտ անվստահություն սերմանելու, որ չարժի, որ հիմնադրամը գումարներ ստանա, քանի որ այն չարաշահվում է: Այ սա ես համարում եմ սրիկայություն: Ընդդիմության խնդիրն է՝ խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները, դա շատ օգտակար աշխատանք է, ես ողջունում եմ, հենց դա ընդդիմության առաքելություններից մեկն է, իհարկե, և շատ օգտակար, բայց թացը չորի հետ խառնել…

Եվ կշեղվեմ, պակաս սրիկայություն չի, երբ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք՝ այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, կներեք այդ բառի համար, դեբոշներ: Սա էլ է սրիկայություն, երբ կարելի է ընդունելություն խնդրել, հանդիպել, պահանջներ ներկայացնել…

Եվ այնպես չի, որ այս հանձնաժողովը, եթե ստեղծվում է ընդդիմության ցանկությամբ, որը ես ողջունում եմ, մենք պակաս շահագրգիռ չենք ուսումնասիրելու և համոզվելու՝ եղե՞լ են չարաշահումներ, թե՞ ոչ: Էդ ձեր մենաշնորհը չի: Բոլորով կմասնակցենք ու կհամոզվենք, սխալներ կլինեն՝ պատասխանատվության կկանչենք, սխալներ չենք հայտնաբերի՝ կհասկանանք, որ սրիկայություն չի կարելի անել: Այնպես որ՝ սրիկայության մասին խոսելիս մի քիչ զգույշ եղեք»,- ասաց իշխանական պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս