«Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից

ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր նաև ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան»« դաշինքների նախաձեռնած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը:

Հարցի զեկուցումից հետո մտքերի փոխանակման համար հերթագրված, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ելույթ ունենալու իր իրավունքն օգտագործեց՝ ասելով, թե «սրիկայություն» է, երբ երկրի պաշտոնական պատվիրակության արտասահմանում գտնվելու ընթացքում նրանց դեմ արհամարհանք է ցուցադրվում՝ «կազմակերպելով դեբոշներ», ու հորդորեց սրիկայության մասին խոսելիս «մի քիչ ուշադիր» լինել:

Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը բարկացրեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: Նա անգամ հրահանգեց անվտանգության աշխատակիցներին՝ Գեղամ Մանուկյանին հեռացնել ԱԺ ամբիոնից:

«Հարգելի հայրենակիցներ, սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է: Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

«Ներողություն, ներողություն, պարոն Մանուկյան: Էստեղ կան էթիկայի կանոններ, չխախտեք: Մի վայրկյան, մի վայրկյան: Դուք ինչ-որ մեկին նոր մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ: Անուն տվեք, անուն տվեք»,- Մանուկյանի խոսքն ընդհատելով՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը:

«Ես բառացի կմեջբերեմ Վիգեն Խաչատրյանի խոսքը»,- փորձեց արձագանքել Գեղամ Մանուկյանը:

«Այսինքն՝ հիմա Դուք Վիգեն Խաչատրյանին դավաճա՞ն եք անվանում»,- վրդովվեց Ռուբեն Ռուբինյանը՝ հրահանգելով անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը, ապա գոռալով մի քանի անգամ «հորդորեց» զբաղեցնել իր տեղը՝ կրկնելով, թե դրա իրավունքն ունի:

«Շատ լավ, խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին… լռություն… խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին՝ պարոն Մանուկյանին հեռացնել ամբիոնի մոտից… հանգիստ… լռություն, լռություն… դահլիճից չէ, դահլիճից պետք չի հեռացնել… հանգիստ, լռություն»,- հրահանգում էր Ռուբեն Ռուբինյանը, ինչից հետո անվտանգության երկու աշխատակից Գեղամ Մանուկյանին «հեռացրին» ԱԺ ամբիոնից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս