Մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հաշտ ու խաղաղասեր բնավորություն ունի
Մեզ բոլորիս շատ հաճելի է, երբ եղանակը մեղմ է լինում։ Նույն ձևով մեզ համար հաճելի է գտնվել այն անհատի կողքին, ով հաշտ ու խաղաղասեր բնավորություն ունի։
Քանի որ խաղաղասիրությունն Աստծո տված պարգևներից է, տրամաբանական է ենթադրել, որ այն սերտ առնչություն ունի Աստծո տեսակի հետ։ Պետրոս առաքյալը ասել է. «Թող ձեր արտաքինը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ-որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծո առաջ» (Ա Պետրոս 3.3-4): Իսկապես, մեղմությունը աստվածային հատկություն է. Աստված շատ բարձր է գնահատում այդ առաքինությունը։
Մարդկային առաջին զույգը՝ Ադամն ու Եվան, իրենց սեփական կամքով չհնազանդվեցին Աստծո պատվերին՝ բարու և չարի գիտության ծառից չուտելու վերաբերյալ: Այս գիտակցական քայլը իրենց ու ապագա սերունդներին բերեց մեղք, մահ և օտարացում Աստծուց։ Բայց Աստված չհամարեց, որ մարդկային ողջ ընտանիքը անուղղելի է և հնարավոր չէ նրան փրկել:
Հիսուսի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ նա լիովին ճանաչում է Հորը։ Հասարակ ժողովրդին նա հետևյալ խոսքերն ասաց. «Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ, և ես ձեզ կհանգստացնեմ։ Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը թեթև» (Մատթեոս 11.28-30):
Խաղաղասիրությունը կարևոր առաքինություն է։ Դա ավելին է, քան պարզապես բարեհամբույր լինելը. դա խառնվածքի մի գրավիչ հատկություն է, որը հիացմունք է առաջացնում դիմացինի մոտ: Այն, թե ինչպես ենք վարվում ուրիշների հետ, ցույց է տալիս, թե որքանով ենք կարողանում մեղմություն ու համերաշխություն դրսևորել։ Անշուշտ, մարդիկ խառնվածքով տարբեր են։ Մեզանից ոմանք ավելի հեշտությամբ են հեզություն դրսևորում, քան մյուսները։ Այդուհանդերձ, բոլոր քրիստոնյաներն էլ կարիք ունեն զարգացնելու Աստծո պատգամները, որի մեջ են մտնում նաև հեզությունը, խոնարհությունն ու խաղաղասիրությունը։
Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժին