Լրացումներ «Պետական սահմանի մասին» օրենքում. Կառավարության հեղինակած նախագիծը քննարկվեց Պաշտպանության  հանձնաժողովում

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության հեղինակած՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։

««Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ պետական սահմանի պահպանության ոլորտում Հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են կառավարության սահմանած կարգով։ Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, ըստ որի՝ հակաօդային պաշտպանության  զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում, ՀՀ-ի նկատմամբ որևէ թշնամական գործողություն իրականացնելու դեպքում ուղեկցեն և ստիպեն օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում են նույն գործողությունը»,-  հանձնաժողովում  նախագիծը  ներկայացնելիս ասաց  Արման Սարգսյանը։

Ըստ նրա, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված ՀՀ-ի և ՌԴ-ի միջև  «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ»  համաձայնագիրն ուժի մեջ է մտել  2017 թվականի հունվարի 11-ին: Համաձայնագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ խաղաղ ժամանակներում կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել այդ համակարգի մեջ մտնող իրենց զորքերի ուժերի կիրառման մասին։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ օրենքում լրացումներ կատարելու արդյունքում նախատեսվում է Կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ-ում պետական սահմանում ահաբեկչական գործողությունները չեզոքացնելու համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի կիրառման ընթացակարգը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս