Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք բարդացնում են գործընթացը. Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: Լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը ինչ-որ փաստաթղթի:
Նրա խոսքով՝ դրանից հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին, որովհետև քարտեզը ընդամենը սխեմա է. «Քարտեզի տակ պետք է լինի իրավական հիմք և այդ իրավական հիմքերի վրա մենք հիմա աշխատում ենք, հետազոտում ենք, հավաքագրում ենք և վերլուծելուց հետո նոր հնարավոր կլինի խոսել քարտեզների մասին՝ դրանց հիմա վրա ինչ-որ գործընթացներ իրականացնելու նպատակով»,- ասաց Գրիգորյանը:
Միևնույն ժամանակ՝ փոխվարչապետն ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք գործընթացները բավականին բարդացնում են.
«Առանձին վերցրած գործընթացները որոշակի իրականացման տրամաբանություն կարող են ունենալ, բայց ընդհանուր մթնոլորտը պետք է լինի շատ ավելի լավը»,- ասաց նա՝ նկատի ունենալով 2021 թվականի մայիսից ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ներխուժումը ՀՀ տարածք, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը: