
Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված. «Փաստինֆո»

Զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Դավիթ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Հարությունյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» կալանավորվել է սեպտեմբերի 30-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ։ Կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որի շրջանակներում պաշտպանները վիճարկել են թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայությունը։
Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանության կողմը դեռևս չի ստացել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք բավարարվել են։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրեական գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: