Ճապոնիայի կառավարությունը հետևում է ռուսական և չինական մարտական նավերի գործողություններին
Ճապոնիայի կառավարությունը հետեւում է ռուսական եւ չինական մարտական նավերի գործողություններին, որոնք մասնակցում են համատեղ ռազմածովային զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է երկրի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոձակին:
«Հոկտեմբերի տասնութին մենք գրանցել ենք ռուսական եւ չինական տասը նավերի համատեղ անցումը Ճապոնական ծովից Ցուգարու նեղուցով դեպի Խաղաղ օվկիանոս: Նրանց թվում եղել է հինգ ռուսական նավ եւ հինգ չինական նավ: Նման գործողությունները գրանցվել են առաջին անգամ»,-ընդգծել է նա: Իսոձակին նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները «շարունակում են ուշադիր հետեւել ռուսական եւ չինական նավերի գործողություններին»:
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի ռազմածովային ուժերի նավերի անցումը տեղի է ունեցել միջազգային նորմերին համապատասխան: Ջրային սահմանների խախտում չի գրանցվել:
Հոկտեմբերի 18-ին Ճապոնական ծովում ավարտվել են Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերի «Ծովային փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժությունները:
Ռուսաստանի եւ Չինաստանի նավաստիները կատարելագործել են համատեղ տակտիկական մանեւրումը եւ կապի կազմակերպումը: Ընդամենը վարժանքների ընթացքում ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի նավաստիները կատարել են 20-ից ավելի տարբեր մարտական վարժություններ:
«Ծովային փոխգործակցություն» ամենամյա մասնագիտացված զորավարժություններն անցկացվում են 2012 թվականից. դրանք ուղղված են Ռուսաստանի եւ Չինաստանի մարտունակության ամրապնդմանը՝ ծովում սպառնալիքներին համատեղ դիմակայելու համար: 2020 թվականին վարժանքներ չեն անցկացվել սահմանափակիչ միջոցառումների կապակցությամբ, որն առնչվել է կորոնավիրուսի համավարակի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: