Բայդենն ու իր կինը խախտել են դիմակի ռեժիմը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ու իր կինը՝ Ջիլլը, խախտել են Վաշինգտոնի քաղաքապետի պահանջը, որի համաձայն, մարդիկ պարտավոր են բժշկական պաշտպանիչ դիմակներ կրել հաստատություններում՝ անկախ այն բանից, թե նրանք ունեն արդյոք կորոնավիրուսի դեմ պատվաստումներ: Այդ մասին հաղորդել է Fox հեռուստաալիքը՝ վկայակոչելով սոցցանցերի տեսագրությունը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Բայդենը վաշինգտոնյան ռեստորանի սրահով անցնում առանց դիմակի՝ շրջապատված դիմակավոր պահակախմբով եւ հաստատության աշխատակիցներով, որոնց դեմքին դիմակ կա: Ընդ որում՝ Բայդենը բժշկական դիմակը պահել է ձեռքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հաստատությունների կողմից պահանջը խախտելու համար ենթադրվում են տարբեր տեսակի պատժամիջոցներ՝ տուգանքից մինչեւ զրկում լիցենզիայից: Սակայն քաղաքագլխի կատարողական հրամանագրի համաձայն, դրա դրույթները չեն տարածվում «դաշնային կառավարության անձանց վրա… այն դեպքում, երբ այդ մարդիկ գտնվում են ծառայողական պարտականությունների կատարման մեջ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: