Շատ դժվար է չքնել, միևնույն ժամանակ պահպանել սթափ միտք. երիտասարդ աստղագետը՝ մասնագիտական դժվարությունների ու հետաքրքրությունների մասին
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 75 տարեկան է: Աստղագիտության ոլորտում առկա խնդիրների, ակնկալվող քայլերի, ստացած հնարավորությունների ու դրանք հմտորեն կիրառելու շուրջ զրուցել ենք երիտասարդ աստղագետ, «Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն» մասնագիտությամբ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Անդրեասյանի հետ:
– Հասմիկ, քո հայրիկը ևս աստղագետ է եղել. կարո՞ղ ենք ասել, որ դեպի աստղեր տանող քո ուղին նախապես որոշված է եղել:
– Այո, հայրս՝ Ռուբեն Անդրեասյանը, ևս աստղագետ է, այժմ հանդիսանում է Բյուրականի աստղադիտարանի գիտահետազոտական բաժիններից մեկի ղեկավարը: Մայրս նույնպես երկար տարիներ աշխատել է աստղադիտարանում: Սակայն ծնողներս ուղղակիորեն ոչ մի ազդեցություն չեն ունեցել մասնագիտության ընտրության հարցում: Փորձել են իմ մեջ զարգացնել ինքնուրույնությունը և պատասխանատվությունն ընդունած որոշումներում: Երբ ես եկա հայրիկի մոտ ու հայտնեցի, որ որոշել եմ ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ և հետո շարունակել աստղագիտության ուղղությամբ, նա ինձ անկեղծորեն մանրամասն ներկայացրեց, թե իրական ի՞նչ սպասելիքներ կարող եմ ունենալ իմ մասնագիտությունից, և ինչպիսի՞ն է այն լինելու իրականում:
Հիշում եմ իր ամենակարևոր խոսքերը, որ եթե դու ընտրես աստղագիտությունն ու ցանկանաս լինել լավ մասնագետ, ապա պատրաստ եղիր, որ քո միտքը միշտ աշխատելու է: Անգամ քնած ժամանակ դու միշտ փնտրելու ես տարբեր խնդիրների լուծումներ: Իրականում այդպես էլ եղավ:
– Ինչո՞վ է առանձնանում աստղագիտությունը մյուս գիտություններից:
– Աստղագիտության մեջ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, և պետք է պատրաստ լինել նրան, որ ամեն օր պետք է սովորես: Շատ հետաքրքիր է աշխատանքի ամբողջ ընթացքը, քանի որ հետազոտական աշխատանք է, այսինքն, եթե անձն ունի պրպտուն միտք, երևակայություն, ապա նրա համար միանշանակ հետաքրքիր կլինի զբաղվել նմանատիպ գիտահետազոտական աշխատանքով:
– Շատ երիտասարդներ նախընտրում են բարձր աշխատավարձը, հրավերների դեպքում մեկնում են արտերկիր կամ անցնում են այլ աշխատանքի: Քեզ համար գրավիչ աշխատանքներ կամ առաջարկներ եղե՞լ են, թե՞ Աստղադիտարանի և մի շարք գիտական կենտրոնների համագործակցության շնորհիվ հնարավոր է լինում բարձր աշխատավարձ ստանալ:
– Իմ աշխատանքի շնորհիվ հնարավորություն եմ ունեցել այցելել տարբեր երկրներում գտնվող գիտահետազոտական կենտրոններ և աստղադիտարաններ ու, այո՛, ստացել եմ բավականին լավ աշխատանքային առաջարկներ մի քանի երկրներից՝ Չինաստան, ԱՄՆ, Իտալիա, այնուամենայնիվ, ես այժմ աշխատում եմ Բյուրականի աստղադիտարանում և կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրում և առկա պայմաններում անձից շատ բան է կախված: Նա կարող է իր համար ստեղծել հարմարավետ պայմաններ, եթե սիրում է իր մասնագիտությունը: Հայաստանում ևս հնարավոր է տարբեր նախագծերում ներգրավված լինելու շնորհիվ բավականաչափ գումար աշխատել և հոգալ սեփական խնդիրները: Այժմ ունենք համագործակցություններ տարբեր երկրների աստղագետների հետ, ինչը շատ կարևոր է: Լինում է փորձի փոխանակում և այլն:
– Աստղերն իրենցից ներկայացնում են մեծ լուսարձակող գազային միացություններ, որոնք առաջանում են հիմնականում գազափոշային միացություններից: Միայն մեր գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, անզեն աչքով տեսանելի է մոտ 6000 աստղ, բայց նրանց իրական թիվը, կարծես, 200 միլիարդի է հասնում: Երբևէ եղե՞լ է, որ նստես ու պարզապես հաշվես աստղերը, զրուցես նրանց հետ:
– Մանկությունս անցկացրել եմ Աստղադիտարանում, և այնտեղից երկինքը լրիվ ուրիշ է: Շատ հստակ ու գեղեցիկ երևում է Ծիր Կաթինը, ու փոքր տարիքում հաճախ էի նստում տան բակում ու նայում երկնքին: Ու երբ եկավ ատենախոսության թեման ընտրելու ժամանակը, պատահական չէր, որ իմ ընտրությունը կանգ առավ բռնկուն աստղերի ուսումնասիրության վրա: Այդ աստղերն ինձ հետաքրքրեցին իրենց անկանխատեսելի, փոփոխական բնավորության պատճառով: Իրականում նրանց բռնկումային մեխանիզմները դեռևս ամբողջությամբ հաստատված և բացատրված չեն, ինչը ևս հետաքրքրությունն ավելացնում է: Բռնկուն աստղերը դրանք երիտասարդ աստղեր են, որոնք ժամանակ առ ժամանակ անկանխատեսելիորեն կարող են իրենց պայծառությունը բարձրացնել 100 և ավելի անգամներ, որի տևողությունը նույնպես կարող է լինել շատ տարբեր: Իմ ատենախոսության թեման էլ հանդիսացել է երիտասարդ բռնկուն աստղերի ուսումնասիրությունը, որն էլ վերջերս պաշտպանեցի:
– Երիտասարդ մասնագետները հաճախ են զգում ավագ գործընկերների խորհրդի, ոգևորելու, հաճախ նաև՝ քննադատության կարիքը: Ո՞վ կամ ովքե՞ր են քո դեպքում ստանձնել այդ դերը:
– Աշխատում եմ Տիգրան Մաղաքյանի հետազոտական խմբում: Միևնույն ժամանակ համագործակցում եմ և համատեղ աշխատանքներ ունեմ հայրիկի հետ, հետևաբար՝ նրանց ազդեցությունն իմ մասնագիտական աճի հարցում ամենաշատն է: Ասեմ, որ իմ ավագ գործընկերներն աշխատում են երկու տարբեր աշխարհներում: Աշխարհ, որտեղ համացանց գոյություն չուներ, և աշխարհ, որտեղ արդեն կա համացանց, տեխնոլոգիաներ: Վերջիններն ավելի արագացրել են գործընթացը, բայց չեմ կարող ասել, որ այժմ ավելի հեշտ է: Այնուամենայնիվ, նրանք կարողացել են թուղթ ու գրիչից անցում կատարել համակարգչին: Չեմ կարծում, որ մեր կյանքի ընթացքում ականատես կլինենք նման մեծ փոփոխության: Այնպես որ, շատ հարգում և գնահատում եմ բոլոր իմ ավագ գործընկերների աշխատանքը:
– Դիտումները լինում են գիշերը. ինչպե՞ս սովորեցիր հաճախ անքուն գիշերներ անցկացնել: Մասնագիտության բարդ կողմերը կնշե՞ս:
– Արդեն մոտ 6 տարի է՝ ես իմ գիտական հետաքրքրությունների, ինչպես նաև որոշ նախագծերի շրջանակներում իրականացնում եմ գիշերային դիտումներ: Ընթացքը շատ բարդ է, հատկապես ձմռանը, երբ դիտողական գիշերը տևում է 14 ժամ: Շատ դժվար է չքնել, միևնույն ժամանակ պահպանել սթափ միտք: Սակայն գործընթացը շատ հետաքրքիր է, և ոչ բոլոր երիտասարդ գիտաշխատողները հնարավորություն ունեն դիտակի հետ աշխատել, հետևաբար՝ ես շատ եմ գնահատում այդ հնարավորությունը: Աստղագիտությամբ զբաղվելու համար պետք է ունենալ շատ մեծ ոգևորություն, երևակայություն և ամեն օր նոր բան սովորելու ցանկություն: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մասնագիտության մեջ որպեսզի հասնես հաջողության՝ պետք է ամեն օր ինքնակատարելագործվես:
– Որպես երիտասարդ գիտաշխատող՝ ինչպիսի՞ հագեցվածության Աստղադիտարան կուզեիր տեսնել՝ ելնելով նաև այլ երկրների աստղադիտարանները սեփական աչքերով տեսնելու տեսանկյունից:
– Իհարկե, շատ բացթողումներ ու խնդիրներ կան՝ կապված աշխատասենյակի պայմանների, տեխնիկական հագեցվածության հետ: Ամենակարևոր խնդիրներից մեկը երիտասարդ կադրերի պակասն է: Շատ հետաքրքիր կլիներ այլազգի երիտասարդների հետ փոխառնության ծրագրերի իրականացումը: Կարծում եմ՝ նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են փորձի փոխանակման առումով: Իհարկե, ամենը կապված է ֆինանսական միջոցների հետ, որը, հուսով եմ, տարիների ընթացքում ավելի կբարելավվի:
– Աստղագիտությունից բացի, ի՞նչ հետաքրքրություններ ունես:
– Ինձ միշտ հետաքրքրել է մարդկային հոգեբանության հետ կապված աշխատանքը: Մանկուց հետաքրքրվում եմ պարով, սպորտով ու բացը լրացնում եմ տարբեր դասընթացների, սեմինարների մասնակցելով: Փորձում եմ ապրել բալանսավորված կյանքով՝ համատեղելով իմ մասնագիտական և այլ հետաքրքրությունները:
Լուսանկարները՝ chaikhana.media-ի