Հորինված Հայաստան

Հայկական իրականության խորքային պատճառներից մեկը հասարակության գրեթե տոտալ անտարբերությունն է երկրում ու նրա շուրջ կատարվող ճակատագրական իրադարձությունների նկատմամբ։ Այդ անտարբերությունն օգտագործվում է՝ ինչպես իշխանության, այնպես էլ՝ ընդդիմության կողմից։

Իշխանությունը դրա շնորհիվ ազատ է կատարելու ցանկացած գործողություն, որն այլ պայմաններում կարժանանար հանրային ամենասուր ընդվզման։ Ընդդիմությունն էլ այդ նույն անտարբերությունն օգտագործում է՝ արդարացնելու համար իր գործողությունները, իսկ ավելի հաճախ՝ անգործությունը։

Բայց այդ անտարբերությունը կա՝ անկախ իշխանությունից ու ընդդիմությունից, և ոչ միայն ուղղակի կա, այլ գնալով ավելի է խորանում՝ արդեն առավելապես իշխանության պատճառով։ Հանրության զգալի հատվածն ապրում է իշխանության մատուցած կեղծ, պայմանականորեն ասած՝ Հ1-ային իրականությամբ, որը, իհարկե, կերտվում է ոչ միայն Հանրային հեռուստատեսությամբ, այլ նաև իշխանությանը սպասարկող բազմաթիվ այլ լրատվամիջոցներով ու ամենակարևորը՝ սոցիալական ցանցերում։ Այդ իրականությունում ամեն ինչ հրաշալի է, Հայաստանն ամեն օր ծաղկում է ու էլ ավելի է ծաղկելու թշնամիների հետ հաշտվելու դեպքում։ Այդ քարոզչության ազդեցությունն այնքան մեծ է, որ մարդիկ գրեթե չեն նկատում այն իրականությունը, որում ապրում են հեռուստացույցից ու համացանցից դուրս։ Արդյունքում՝ նրանց զգալի մասն իշխանական քարոզչության ազդեցությամբ համերաշխ ապրում է՝ չնկատելով անգամ, որ արդեն մի քանի ամիս 1000 և ավելի թշնամական զինվորներ մեր երկրի տարածքում են, այդ նույն մարդկանց չեն հուզում երկրի շուրջ գրեթե ամեն շաբաթ իրականացվող թշնամական զորավարժությունները, նրանք հաշտ են անպաշտպան սահմաններ ունեցող երկրում ապրելու իրողության հետ։

Քարոզչական այդ թմբիրն անուշադրության է մատնում նաև երկրում ամեն օր կատարվող սպանություններն ու ինքնասպանությունները, հանցագործությունների քանակի բազմապատիկ ավելացումը։ Քարոզչությունն այնքան զորեղ է, որ զարմանալիորեն երկրորդ պլան է մղում անգամ աննախադեպ գնաճը, գրեթե բոլոր ապրանքների ամենօրյա թանկացումները։

Քաղաքացիների ահա այդ հատվածն ապրում է երկու իրականությունում՝ քարոզչական ու իրական Հայաստանում, սակայն նրա քաղաքացիական ու քաղաքական վարքագծի վրա գոնե առայժմ որոշիչ ազդեցություն ունի ոչ թե իրական կյանքը, այլ մատուցվող կեղծ կյանքի գունագեղ պատկերը։ Իրականության այս երկվությունը, իհարկե, երկար շարունակվել չի կարող, քանի որ մի օր մարդիկ հայտնվելու են կոգնիտիվ դիսոնանսի իրավիճակում՝ չկարողանալով պատասխանել հարցին՝ «եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»։

Ահա այդ հարցի պատասխանը որևէ կերպ ազդելու է մարդկանց քաղաքացիական ու քաղաքական վարքագծի վրա՝ կրկին անկախ իշխանությունից ու ընդդիմությունից։ Դրան, ի դեպ, մեծապես նպաստում է ամեն օր խորացող այն անդունդը, որն առկա է քարոզչական իրականության ու իրական կյանքի մեջ, որովհետև դրանք աճում են հակադարձ համեմատական ուղղությամբ՝ որքան կյանքը ավելի է վատանում, այնքան ավելի երանելի է դառնում այդ կյանքի մասին հորինված պատմությունը, որում թվացյալ երջանկությամբ դեռևս ապրում են մեծ թվով քաղաքացիներ։

Ցավալին այն է, որ այս ամենի արդյունքում Հայաստանն ամեն օր  դատարկվում է. գիտակից և կրթված, ստեղծող, աշխատող տեսակը լքում է երկիրը: Չե՞ք հավատում. ուշադիր նայեք ձեր շուրջը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս