Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, բայց անտեր ենք. հադրութցի
Բնիկ հադրութցի Մարինա Հովհաննիսյանը մեկն էր Արցախից տեղահանված այն քաղաքացիներից, որոնք առավոտից ակցիա էին անում կառավարության շենքի մոտ: Մարինա Հովհաննիսյանի ամուսինը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, դրանից հետո ինքը շարունակել է ապրել Հադրութում:
«Շենացրել ենք, ապրել ենք և եկել, մի վայրկյանում մեզ թողել են առանց ամեն ինչի: Մի տարի է անցել, հույսներս էլ ենք կտրել, որ մենք կարող ենք գնալ մեր բնակավայրը, մեր տունը, մեր գերեզմանները: Հիմա էլ աջակցություններն են դադարեցրել:
Ես աշխատում եմ, ընտանիքում թոշակառու ունենք, թոշակ է ստանում, բա ժողովո՞ւրդն ինչ անեն: Կացարանի հարցն ամենադժվարն է այս պայմաններում, որ ժողովրդին հուզում է: Չեն կարողանում բնակարանի վարձերը տան: Առաջը ձմեռ է, կոմունալ վճարումներ, ի՞նչ պիտի անի ժողովուրդը»,- ասաց Մարինա Հովհաննիսյանը:
Հադրութցի տիկնոջ խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո նախ ամսական 68-հազարական դրամ են ստացել՝ 2020թ. դեկտեմբերին և 2021թ.-ի չորս ամիսների ընթացքում: Հյուրընկալության համար նախատեսված 30.000-ն էլ տեղահանվածների մի մասն է կարողացել ստանալ, իսկ արդեն օգոստոսից դադարեցրել են այդ գումարը հատկացնել: Այժմ էլ շրջանառվում է տեղեկություն, որ կառավարությունը կընդունի որոշում յուրաքանչյուր տեղահանված արցախցուն ամսական 25.000 դրամ հատկացնելու մասին:
«Կառավարությունը չգիտե՞ր, որ օգոստոսին վերջանում է հյուրընկալության ծրագիրը, սեպտեմբեր-հոկտեմբեր, դեռ շրջանառության մեջ է այդ 25.000-ների որոշումը, կընդունե՞ն, թե՞ չեն ընդունի… Էսօր, եթե մեր Հադրութը հետ տան, մենք բոլորով կգնանք մեր Հադրութ: Թող հետ տան, կարողանո՞ւմ են հետ տալ: Չե՞ն կարողանում, եթե չեն կարողանում, ասեն՝ չեն կարողանում, թող փախստականի կարգավիճակ տան… Մենք ՀՀ քաղաքացի ենք, անձնագիրս կարող եմ ցույց տալ, գրված է՝ ՀՀ քաղաքացի, բայց անտեր ենք, ո՛չ Արցախի Հանրապետությունն է մտածում ժողովրդի մասին, ո՛չ էլ Հայաստանի»,- ասաց Մարինա Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում