«Եթե սկսվեց զրույց, թե ով ինչի շուրջ է բանակցել՝ Քոչարյանը շատ վատ կացության մեջ է հայտնվելու, խորհուրդ եմ տալիս՝ ինքը դրանից հեռու մնա». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անուղղակիորեն մեսիջներ հղեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ մասնավորապես ասելով, թե նա շատ լավ գիտի, որ «որևէ բան, որը կարող է այն տրամաբանության մեջ լինել, որը փորձում է մարդկանց հրամցնել, թե ինչ-որ պայմանավորվածություններ է եղել կամ ինչ-որ մեկը բան է հանձնել, նա լավ գիտի, որ նման բան գոյություն չունի»։

ԱԺ նախագահը անդրադառնալով վերջերս լրատվամիջոցներից մեկին տված Արթուր Վանեցյանի հարցազրույցին՝ ասել էր նաև.

«Այդ ժամանակահատվածում մենք շատ սերտ հարաբերություններ ենք միմյանց հետ ունեցել, բազմաթիվ հարցեր ենք իրար հետ քննարկել, և վստահ եմ, որ պարոն Վանեցյանն էլ կարող է ձեզ փաստել, որ վարչապետ Փաշինյանն ամենաազնիվ և ամենաբաց ղեկավարներից է, որի հետ Արթուր Վանեցյանը երբևիցե աշխատել է, թե անցյալում, թե ապագայում ինքը կարողացավ աշխատել։ Ես վստահ եմ, որ եթե պարոն Վանեցյանը նման բան ունենար՝ իրեն հարող լրատվամիջոցներով տպագրել էր, էլ չասեմ՝ նախընտրական փուլում դա հրապարակել էր»,- ասաց Ալեն Սիմոնյանը, մասնավորապես անդրադառնալով  նշված հարցազրույցում Արթուր Վանեցյանի այն հայտարություններին, որ ինքը մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանի անունից փակ ծրար է տվել ադրբեջանցի իր գործընկերոջը, և՝ հակառակը։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ վրա, քանի որ նրան են քննարկում, Ալեն Սիմոնյանը նշեց.

«Մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտքը, որը ես եմ ընկալում, դրանք համընկնում են։ Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ նկատի ունի՝ ասելով, որ սեղանի վրա է, եթե ինքն իր տարած աշխատանքի մասով ասոցիացիաներ է անցկացնում, դա իր խնդիրն է։ Ես մեկ բան կարող եմ ասել, որ վերջերս երբ այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան, տիկին Ռիման ինձ շատ մանրամասներ պատմեց, նաև Քոչարյանի դիրքորոշման հետ կապված, վստահեցնում եմ ձեզ, որ պարոն Քոչարյանը լավ կանի՝ այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից քիչ խոսի։  Եթե սկսվեց զրույց, թե ով ինչի շուրջ է բանակցել, Քոչարյանը շատ վատ կացության մեջ է հայտնվելու, խորհուրդ եմ տալիս՝ ինքը դրանից հեռու մնա»։

Տեսանյութեր

Լրահոս