
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում hոկտեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
«Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Նշվում է, որ այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։