Իշխանության մեկ-երկու գրպանային ներդրողից բացի՝ սփյուռքից ո՞վ է շան տեղ դնելու, փող փոխանցի. Թաթուլ Մանասերյան
Կառավարությունն ընդունել է 2022 թվականի բյուջեի նախագիծը, որում կանխատեսված է ՀՆԱ-ի 7 տոկոս տնտեսական աճ, թեև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պաշտոնը ստանձնելուց առ այսօր, շարունակ պնդում է, որ ունենալու ենք երկնիշ տնտեսական աճ։
2022 թվականի բյուջեի պակասուրդը, ըստ նախագծի, կազմելու է 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ, զգալի ավելացրել են ընթացիկ ծախսերը, իսկ 2021 թվականին 37 տոկոսով թերակատարված կապիտալ ծախսերի համար 2022 թվականի բյուջեի նախագծով կուղղվի 300 միլիարդ դրամ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, խոսելով ընդունված բյուջեի նախագծի մասին, նշեց, որ 2022 թվականի բյուջեի նախագիծը որևէ լրջագույն փոփոխության չի ենթարկվել 2021 թվականի բյուջեի համեմատ։
«Կա բյուջեի միջուկ, որն օգտագործել են։ Իհարկե, որոշ միջոցառումներ փոփոխության են ենթարկվել, որոշներն ավելացել են, որոշները՝ պակասել, սակայն, ընդհանուր առմամբ, որևէ որակական փոփոխություն բյուջեն չի կրել։ Ինչպես այն բյուջեն, որն ընդունվեց 2021 թվականին՝ պատերազմից հետո, զրոյական առնչություն ուներ պատերազմից հետո մեր կրած վնասների ու առաջնահեթությունների հետ, այնպես էլ այս մեկը՝ կապ չունի մեր առաջնահերթությունների հետ»,- ասաց Մանասերյանը՝ նշելով, որ բյուջեի նախագծում ունենք այսպիսի պատկեր, քանի որ այս իշխանությունը զրոյական պատկերացում ունի իր տեսլականի, ռազմավարական թիրախների մասին։
Ըստ Մանասերյանի՝ քանի որ իշխանությունը չունի ռազմավարություն, ուստի բյուջեում դարձյալ աճ են արձանագրել ընթացիկ ծախսերը՝ այդ թվում՝ պարգևավճարները, հավելավճարները, մինչդեռ պարգևավճարը պետք է լիներ ընդամենը լավ աշխատանքի ու արձանագրած բարձր ցուցանիշների դիմաց տրված խրախուսում։
«Նախկին գործազուրկը, որն այսօր դարձել է նախարար ու փոխնախարար, այսօր անգամ կարող է աշխատանքի չգնալ, բայց միևնույն է, ստանում է պարգևավճար»,- նկատեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այսօր իշխանությունը պետական համակարգում աշխատողներին զրկում է լավ աշխատելու, արդյունք արձանագրելու մոտիվացիայից, որովհետև բոլորը հավասարաչափ՝ առանց արդյունքային ցուցանիշների համեմատության, պարգևատրվում են։
Ինչ վերաբերում է 300 միլիարդից ավել կապիտալ ծախսերի հատկացմանը, ապա, ըստ տնտեսագետի, դա օդի մեջ գումար է, որովհետև այդ գումարի տակ դրված չէ ռազմավարությամբ ամրագրված միջոցառումների շարք, որպեսզի մենք հասկանանք, թե որքան գումար է ծախսվելու կոնկրետ որ ծրագրի համար։
«Գլուխ են գովում, թե ճանապարհ են նորոգում, բայց չէ՞ որ դրանք մեր վճարած հարկերից գոյացած գումարներով են նորոգվում, այդ ճանապարհը մեզ հո նվեր չե՞ն տալիս, իսկ գումարների ծախսման հարցում մեզանից կարծիք չեն էլ հարցնում։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ են նույն ճանապարհը մի քանի անգամ վերանորոգում, թեև կան ռազմավարական նշանակության ճանապարհներ, որոնք տարիներով չեն նորոգվում. Օրինակ՝ հարավից եկող ճանապարհների վիճակը նայեք»,- ասաց Մանասերյանը։
Տնտեսագետն անդրադարձավ նաև սեպտեմբերի 30-ի նիստում Կառավարության ընդունած նախագծերից մեկին, որով նախատեսվում է թողարկել սփյուռքի պարտատոմսեր՝ սփյուռքի կապիտալը Հայաստան բերելու համար։
«Դեռևս 20 տարի առաջ եմ ներկայացրել այդ գաղափարը. գրավոր կա, կարող եք տեսնել։ Իմ գրածը կոչվում էր այլընտրանքային ազատ փոխառու միջոցների օգտագործման ծրագիր։ Իրենք ՝ այս իշխանությունը, այդ ծրագիրը նենգափոխել է, որովհետև մասնագետներ չունեն։ Հիշո՞ւմ եք՝ ժամանակին բացվեց Համահայկական բանկ, բայց այնքան վատ բացվեց, որ այդ բանկը փակվեց, թեև հենց այդ համահայկական բանկում պետք է հավաքվեր սփյուռքի կապիտալը։
Իրականում դա կոչվում է ոչ թե սփյուռքի բոնդեր, այլ ազգային պետական բոնդեր. անգամ անվանումը սխալ են ընտրել։ Սրանք անգրագիտության և դիլետանտիզմի ճանապարհով են գնում ու հիմա հերթական քամին ու փոթորիկն են անում՝ սփյուռքի պարտատոմսերի մասին խոսելով։ Սփյուռքից ո՞վ է շան տեղ դնելու այդ կոչերը. իհարկե, մի քանի գրպանային ներդրողներ կլինեն, որոնք շահեր ունեն, նրանց վրա կկարողանան որոշ բան ծախել, բայց չէ՞ որ սփյուռքի կողմից վստահություն պետք է լինի երկրի նկատմամբ, որը չկա։ Արդյունքում՝ չի բացառվում, որ պարտատոմսեր թողարկելով՝ պետության պարտքն ավելացնեն։
Մյուս կողմից, եկեք հիշենք, թե ի՞նչ կատարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե հաջորդ դրամահավաքին այդ ո՞վ է փող փոխանցելու մի հիմնադրամի, որին փոխանցված գումարներից գողացել են, և սա ես չեմ ասում, սա երկրի գլուխ համարվող հանրապետության նախագահն է ասում՝ հարցնում է՝ որտե՞ղ են փողերը։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող է լինել վստահություն, որ սփյուռքից գումար կարող են փոխանցել։ Սփյուռքը շատ կոնկրետ ծրագրերի պետք է ծանոթանա, որ դրա համար մեկ ցենտ տա, ուստի շատ կոնկրետ ծրագրերով պետք է շարժվել առաջ, իսկ միջազգային կառույցներից էլ պետք է դա լինի վերահսկողություն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում