Բաժիններ՝

Թբիլիսիի դպրոցներում և մանկապարտեզներում աճում է կարանտինում գտնվող երեխաների թիվը. կլինի՞ արդյոք COVID-ի հինգերորդ ալիք

Վրաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտինային ռեժիմի են անցել 55 մանկապարտեզներ: Այդ մասին հաղորդել է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալությունը:

Ինչպես նշում են գործակալությունում, Վրաստանի մայրաքաղաքի պետական մանկապարտեզներն աշխատում են առողջապահության նախարարության հանձնարարականներով: Ուստի, արձանագրության համաձայն, նույնիսկ COVID-19-ի ախտահարման մեկ դեպք հայտնաբերելիս մանկապարտեզն անցնում է կարանտինային ռեժիմի, իսկ այն անձինք, որոնք շփվել են ախտահարվածների հետ, ինքնամեկուսացվում են:

Կորոնավիրուսի տարածում է դիտվում նաեւ Թբիլիսիի դպրոցներում: Այսօրվա դրությամբ հեռավար ռեժիմով ուսուցման են անցել վեց դպրոցներ եւ 90 առանձին դասարաններ: Ընդամենը Վրաստանում գործում է 2084 պետական դպրոց: Համաճարակաբանները չեն բացառում, որ նոր սահմանափակումներ կմտցվեն, եթե իրադրությունը չբարելավվի:

Օրինակ՝ իմունացման հարցերով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկության գծով տնօրեն Իվանե Չխաիձեն այն կարծիքին է, որ սա կորոնավիրուսի նոր, հինգերորդ ալիքի տարածման սկզբն է:

«Սա դեպքերի շատ տագնապալի ավելացում է: Ըստ մեր կանխատեսումների, այդ աճը կարող է լինել նոյեմբեր-դեկտեմբերին՝ հինգերորդ ալիքի տեսքով: Մենք ենթադրում էինք, որ ցուրտ եղանակը կնպաստի շնչառական հիվանդությունների ժամանակաշրջանի ակտիվացմանը, սակայն դեպքերի ավելացումն սկսվել էանհամեմատ ավելի շուտ»,-ասել է Չխաիձեն:

Վրաստանն ամռանը վերապրել է կորոնավիրուսի՝ երկրի համար ամենածանր չորրորդ ալիքը: Մեկ օրում հայտնաբերվել է 4-5 հազար նոր դեպք: Մասնագետները քաղաքացիներին կոչ են անում պատվաստվել եւ պահպանել կանոնները, որպեսզի կորոնավիրուսի տարածման հինգերորդ ալիքը նախորդի նման սաստիկ չլինի: Վերջին տեղեկատվության համաձայն, Վրաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1530 դեպք: Համավարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 635 հազար դեպք, 602 հազարից ավելին ապաքինվել է, 9269-ը՝ մահացել, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս