Բաժիններ՝

Սաակաշվիլիի մայրն ու երեխաներն այցելել են բանտ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավի բանտում այսօր այցելել են մայրը՝ Գիուլի Ալասանիան և որդիները՝ 26-ամյա Էդուարդը և 15-ամյա Նիկոլազը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն, ընտանիքի անդամներն առաջնային են համարում Սաակաշվիլիի առողջությունը:

«Մենք խոսեցինք հայրիկի հետ: Նիկուշայի հետ եկել էինք տեսնելու հայրիկին: Շատ կարևոր է, որ մենք նման հնարավորություն ենք ստացել նրա ձերբակալման 10-րդ օրը: Մենք նրան երկար ենք սպասել: Մեզ համար առաջնահերթ է Միշային պարզապես առողջ և ազատ տեսնելը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլորին, որոնք կիսում են այդ նպատակը»,- ասել է Էդուարդ Սաակաշվիլին:

Սաակաշվիլիի ավագ որդին ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, որտեղ ավարտել է համալսարանն ու իր ընտանիքը ստեղծել: Կրտսեր տղան ապրում է Թբիլիսիում մոր՝ Սանդրա Ռուլոֆսի հետ:

Քաղաքական գործչի մայրը լրագրողներին հայտնել է, որ խնդրել է որդուն դադարեցնել հացադուլը, սակայն «նա չի ուզում խոսել այդ մասին»: «Ես չեմ կարող գնահատել նրա առողջական վիճակը: Ես գիտեմ, որ նա քաղցում է արդեն 15 օր: Պարզվում է, որ նա ոչինչ չէր կերել շատ ավելի շուտվանից, քան բանտում հայտնվելը»,- ասել է Սաակաշվիլիի մայրը:

Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են հոկտեմբերի 1-ին, երբ վերջինս վերադարձել է Վրաստան՝ երկրում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերին աջակցելու համար: Նախկին նախագահին երկրում հեռակա կարգով դատապարտել էին պատգամավորին ծեծի ենթարկելու և բանկիրի սպանության կազմակերպման համար: Բացի այդ, նրան մեղադրանք է ներկայացվել ևս մի քանի գործով, այդ թվում՝ պետական միջոցները մսխելու, լիազորությունների չարաշահման և երկրի սահմաննն ապօրինաբար հատելու համար: Բանտարկվելուց ի վեր Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս