Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը.ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն կսահմանի
Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը. անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։ Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնեցին Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունից:
Նշվում է նաև, որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ. վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
Կոտայքի մարզպետարանից 168.am-ին հայտնեցին, որ կատարվածից տեղյակ են, մարզպետը դիմել է Կոտայքի մարզի ոստիկանապետին, հուշարձանի տարածքում շուրջօրյա հերթապահություն կսահմանվի ոստիկանության կողմից, մինչև հարցը վերջնականապես կլուծվի այդ տարածքում տեսախցիկներ տեղադրելու տարբերակով:
Հիշեցնենք, որ նման դեպք եղել է նաև նախքան հուշարձանի վերականգնման աշխատանքները սկսելը:
Բացի վանդալիզմի ենթարկվելուց՝ արձանի վիճակը նաև բնակլիմայական պայմանների պատճառով էր վատթարացել: Դրա համար 2014թ.-ին այն ժամանակ Մշակույթի նախարարությունը քանդակին տվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ, իսկ 2019թ.-ին Կառավարության որոշմամբ մշակվել նախագծանախահաշվավարյային փաստաթղթերը: