Բաժիններ՝

5 գիրք, որ երեխաներին առաջարկում է ընթերցել Գրիգը

168.am-ը շարունակում է ժամանակակից գրողներին տալ «Ի՞նչ կառաջարկեք ընթերցել երեխաներին» հարցը: Այս անգամ երեխաների համար 5 գիրք է առանձնացրել ժամանակակից գրող Գրիգը:

«Անկիմյուրի բնակիչները» – Արմինե Անդա

Արմինե Անդայի «Անկիմյուրի բնակիչները» հեքիաթ-վեպը պատմություն է Անկիմյուր ինքնատիպ քաղաքի և դրա բնակիչների մասին:

Կարդացեք նաև

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ «Անկիմյուրի բնակիչները» մանկական գրականություն չէ:

«Ընդունված արտահայտությամբ՝ 0-ից 100 տարեկան երեխաների համար է գրված, Դերենիկ Դեմիրճյանի բնորոշումը կիրառելով՝ կստացվի, որ սա հեքիաթ-վեպ է՝ «մեծ փոքրերի ու փոքր մեծերի համար»: Հեղինակի նկարազարդումները մեծապես լրացնում են տեքստը, առարկայացնում ֆենթզին ու միևնույն ժամանակ՝ ներքաշում նոր խաղի մեջ…»:

Ինքը հեղինակը, 2013 թվականին hetq.am-ի հետ զրույցում անդրադառնալով ֆենթզի ժանրում ստեղծագործելուն, նշել է.

«Եթե մենք հեքիաթային իրականության մեջ ապրեինք, հեքիաթի կարիք չէր լինի, եւ պատճառը, որ երեխաներն ու դեռահասներն այսօր այդքան կարիք ունեն ֆենթզի ժանրի, հենց դա է իմ կարծիքով, որովհետև մենք անհնար պրագմատիկ իրականության մեջ ենք ապրում:

Երեխաներն ավելի իմաստուն են. անկախ իրենցից հավասարակշռություն են փնտրում, և ֆենթզի ժանրի լավագույն գրքերն էլ են այդ հավասարակշռությունը փնտրում»:

«Երաժիշտ հրեշը» – Լիլիթ Ալթունյան

Լիլիթ Ալթունյանի գիրքը պատմություն է անտառում բնակվող երաժիշտ հերշի մասին, որը որ շատ էր սիրում սրինգ նվագել: Մի օր երաժիշտ հրեշը որոշում է ելույթներ ունենալ քաղաքում. սրնգն առնում ու ճանապարհ է ընկնում:

Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի համոզմամբ՝ գիրքը կարող եք ընթերցել 5-6 րոպեում, իսկ հետո պարտավոր եք նորից թերթել ու հատ առ հատ նկարները զննել ու զմայլվել:

«Գույնզգույն Թագավորությունը» – Մկրտիչ Արմեն

Հավերժ ձմռան թագավորությունում ապրող Կատպիսի բնակիչները երեխաներից գաղտնի են պահում Գույնզգույն Թագավորության գոյությունը և հսկում Վերջին ձկնագլխի օրվա հաշիվը: Մինչդեռ ոգևորված պառավ Խարունայի պատմություններից՝ երեխաներն Իլե Տրապնայի առաջնորդությամբ ճանապարհ են ընկնում՝ սեփական աչքով տեսնելու այդ կախարդիչ գույների և համերի թագավորությունը:

Մոլորվելու և սառչելու մեծ վտանգը հաղթահարելով՝ նրանք կեսգիշերին բախվում են Չհալչող սառցե տան պատերին…

«Մկրտիչ Արմենի այս հրաշալի գրվածքն անկասկած լրացնում է հայ հրաշապատում վեպի ժանրում նկատելի բացը: Պատանի ընթերցողին ենք թողնում դատել` որն է հեքիաթի կարգավիճակը, արդյո՞ք այն Ք.Ս. Լուիսի «Նարնիայի ժամանակագրության» կամ Հ.Ք. Անդերսենի «Ձյունե թագուհու» ուրույն` հայկական համարժեքը չէ: Անժխտելի է մի բան. «Գույնզգույն թագավորությունը» ապրված հեքիաթ է, գեղեցիկ, վարպետորեն շարադրված հրաշապատում հորինվածք` հարուստ` գունային խորհրդաբանությամբ, կայացած կերպարներով ու փառահեղ ձյունեղեն բնապատկերներով: Վիպակի նոր հրատարակությունը ժամանակի հրամայականն է»,- panorama.am-ի հաղորդմամբ՝ ասել է հեքիաթագետ, թարգմանիչ, Հայ մանկապատանեկան գրականություն շարքի նախագծի հեղինակ Ալվարդ Ջիվանյանը:

«Գույնզգույն թագավորությունը» վիպակի նկարազարդումները կատարել է անիմացիայի ռեժիսոր, նկարիչ, անիմացիոն ֆիլմերի հեղինակ Նաիրա Մուրադյանը:

«Մանյունյա» – Նարինե Աբգարյան

Ռուսաստանաբնակ հայազգի գրող Նարինե Աբգարյանի գիրքը, որը հրատարակվել է 2010 թվականին, պատմություն է մի ամբողջ սերնդի՝ Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, մանկության մասին, որտեղ առանցքային անձերից մեկը խիստ ու բարի Տան է՝ Մանյունյայի տատիկը, ինչպես նաև հանդիպում ենք շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների։

«Վիշապաքարի գաղտնիքը» – Արտավազդ Եղիազարյան

Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի. բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են… Փոխարենը հենց այդ օրը Վահանգը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ…

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս