Զարգացած Գյումրին բոլորիս երազանքն է՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից. Արտյոմ Ղուկասյան

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: «168 Ժամի» զրուցակիցը Գյումրիում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանն է:

– Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցում են թվով 10 քաղաքական ուժեր՝ իրենց ծրագրերով։ Թղթի վրա բոլոր ծրագրերն էլ գրավիչ են, սակայն դրանք, որպես կանոն, մնում են՝ որպես գեղեցիկ խոստումներ։ Ի՞նչ կարող եք ասել ձեր ծրագրի մասին, որո՞նք են դրա հիմնական շեշտադրումները, և արդյո՞ք այն հերթական գեղեցիկ խոստումների շարադրանքը չէ։

– Իրավացի եք, ցանկացած նախընտրական ծրագիր առնվազն ինչ-որ չափով ունի դեկլարատիվ բնույթ։ Բայց մենք փորձել ենք առավելագույնս զերծ մնալ հռչակագրային, զուտ ականջահաճո ձևակերպումներից և մեր նախընտրական ծրագրի հիմքում դրել ենք առաջին հերթին իրատեսականության ու հասանելիության սկզբունքները, չենք խոստացել հինգ տարում Գյումրին դարձնել եվրոպական չափանիշներին համապատասխան քաղաք, որովհետև դա, որքան ցանկալի, նույնքան անիրատեսական ու, այդպիսով նաև՝ անլուրջ նպատակադրում է։ Ոմանք նման ամբոխահաճո, ականջահաճո հայտարարություններ անում են՝ ընտրողին գրավելու համար, բայց դրանք սուտ, անիրականանալի հայտարարություններ են: Ես նման հայտարարություններ չեմ կարող ինձ թույլ տալ: Ես չեմ կարող ասել մի բան, որը հնարավոր չէ իրագործել:

Ցանկացած նպատակ առաջադրելիս պետք է հաշվի առնել դրան հասնելու համար անհրաժեշտ միջոցները։ Գյումրիի տարեկան բյուջեն ցավալիորեն շատ փոքր է հավակնոտ նպատակներ առաջադրելու համար։ Ես չեմ ուզում համեմատվել, ասենք, զարգացած եվրոպական քաղաքների բյուջեների հետ, քանի որ, ցավոք, մենք անհասանելիորեն հեռու ենք այդ ցուցանիշներից։ Նշեմ միայն, որ, օրինակ, Երևանի տարեկան բյուջեի համեմատ՝ քաղաքի մեկ բնակչի հաշվով բյուջեն Գյումրիի դեպքում 2.5 անգամ նվազ է մայրաքաղաքի ցուցանիշից։ Հետևաբար՝ մեր խնդիրը պետք է լինի, իհարկե, բոլոր հնարավոր ուղիներով Գյումրիի բյուջեի ավելացումը, բայց մինչ այդ ավելի կարևոր է առկա միջոցների առավելագույն արդյունավետ ծախսման ապահովումը։ Դա ամենևին չի նշանակում ուղղակի խնայողություններ ծախսերում, դա նշանակում է մաքսիմալ արդյունավետություն ծախսված ամեն մի դրամի համար։ Իրատեսականություն, հասանելիություն, առավելագույն արդյունավետություն․ սրանք են մեր ծրագրի ուղենիշային սկզբունքները, և հույս ունենք, որ գյումրեցին կգնահատի մեր ազնվությունն ու պոպուլիստական խոստումներից զերծ մնալու հաստատակամությունը։

– Որո՞նք են Գյումրիի առաջնային նշանակության խնդիրները՝ ձեր գնահատմամբ, և որո՞նք են լինելու ձեր առաջին քայլերն ընտրություններում հաղթելուց հետո։

– Ընտրություններում հաղթանակի դեպքում մեր առաջնային քայլը լինելու է քաղաքի բոլոր խնդիրների գույքագրումն ու դրանց լուծման հնարավորությունների իրական գնահատումը՝ ֆինանսական, կառավարչատնտեսական և կադրային հարթություններում։ Մենք պետք է հստակորեն իմանանք խնդրի բարդությունը, դրա լուծման արժեքը և մեր հնարավորությունը՝ արդյոք ունե՞նք բավարար չափով պրոֆեսիոնալ կադրեր դրանք լուծելու համար։ Ինչպես ասում են՝ հեծանիվ հորինել պետք չէ, և անհրաժեշտ է առաջնորդվել դասական մոտեցմամբ՝ առաջին հերթին կիրառելով կառավարման տեսական, բայց գործնական կյանքում իրենց արդյունավետությունն ապացուցած սկզբունքները՝ պլանավորում, կազմակերպում, մոտիվացիա և վերահսկողություն։ Միայն այս ռազմավարական մոտեցման դեպքում հնարավոր կլինի կազմել Գյումրիում առկա խնդիրների լուծման համալիր ծրագրեր և ապահովել դրանց աստիճանական լուծումը։

Ես սկզբունքորեն դեմ եմ այս կամ այն խնդրի իրավիճակային, հատվածական լուծմանը, որովհետև դա կարող է ապահովել կարճաժամկետ արդյունք, գուցե քաղաքացիների լավ վերաբերմունք, բայց առանց կոմպլեքս լուծումների, քաղաքի խնդիրները շարունակելու են գոյություն ունենալ։ Ինչ վերաբերում է խնդիրների ցանկին, ապա դա, ցավոք, շատ երկար է՝ սկսած բազմաբնակարան շենքերի կենցաղային հիմնախնդիրներից ու փողոցաշինությունից, մինչև քաղաքի լուսավորություն, աղբահանություն, թափառող շներ ու տրանսպորտ։ Բոլոր այս և էլի մի շարք ուղղություններով մեր անելիքները հանգամանորեն ներկայացված են իմ նախընտրական ծրագրում։ Եթե ավելի ընդհանրացնենք, մեզ անհրաժեշտ են առաջին հերթին ենթակառուցվածքային ծրագրեր ու ներդրումներ ենթակառուցվածքներում՝ սկսած շինարարությունից՝ մինչև աղբահանության, ջրահեռացման, լուսավորության ու տրանսպորտի համակարգեր։ Միայն այդ դեպքում ներդրումները կարող են ունենալ համակարգաստեղծ նշանակություն և արդյունքներ ապահովել երկարաժամկետ հատվածում։ Իսկ ենթակառուցվածքային ներդրումները, այսպես ասեմ՝ հակապոպուլիստական ներդրումներ են, դրանց արդյունքը չի կարող տեսանելի լինել մեկ ամսում կամ մեկ տարում և ապահովել քաղաքացիների գոհունակությունը։ Բայց մենք մեր առջև այդպիսի խնդիր չենք դնում և առաջնորդվում ենք Գյումրիի ոչ միայն ներկայի, այլ նաև ու առավելապես ապագայի համար աշխատելու սկզբունքով։

– Ընտրություններում հաղթելու դեպքում դուք կդառնաք, փաստորեն, ընդդիմադիր քաղաքապետ՝ երկրում իշխող այլ քաղաքական կուսակցության իշխանության պայմաններում։ Արդյոք ձեր քաղաքական պատկանելությունը չի՞ խանգարի, և մտավախություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է խոչընդոտել ձեր աշխատանքին։

– Հուսամ, որ չի խանգարի, թեև կյանքը, ցավոք, հակառակն է ապացուցում, մենք տեսնում ենք, թե ինչ հետապնդումների են ենթարկվում իշխանության տեսակետը չկիսող համայնքի ղեկավարները։ Բայց ես նաև ընտրություններին մասնակցության այս հայտով փորձում եմ տարանջատել տեղական ինքակառավարման խնդիրները համապետական քաղաքական հարցադրումներից, քանի որ դրանով մենք Գյումրիին օգուտ չենք տա։ Նույն սկզբունքով առաջնորդվելու եմ նաև ընտրություններում հաղթելու դեպքում․ Գյումրին պետք է զարգանա՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է ներկայացնում քաղաքապետը, կամ որ ուժն է իշխում երկրում։ Մեզ առաջ են մղում ոչ թե այս կամ այն կուսակցության, այլ բացառապես Գյումրիի բարօրության շահերը։ Զարգացած Գյումրին բոլորիս երազանքն է՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից։

Տեսանյութեր

Լրահոս