«23 մլն եվրոն Սերժ Սարգսյանն է հատկացրել Գյումրի քաղաքին. Գյումրիում երանությամբ են հիշում ՀՀԿ-ի կառավարման տարիները». Արտյոմ Ղուկասյան

Գյումրիում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Արտյոմ Ղուկասյանի կարծիքով՝ Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն իրենց տեղն ունեն, ՀՀԿ-ն՝ իր:

«Մեր շանսերն ավելի մեծ են, մենք մեր ուժը ցույց կտանք: Այսօրվա այն ուժերի ցանկից, որոնք մասնակցում են ընտրություններին, ոչ մի ուժ այդքան աշխատանք չի կատարել Գյումրիում, ինչքան ՀՀԿ-ի օրոք է կատարվել. 5000 բնակարան է կառուցվել՝ անօթևաններին բաժանվել, մինչ օրս ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների գումարները քաղաքին ամբողջությամբ հատկացվել են դեռ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: ՀՀԿ-ի ռեյտինգը գցել չի ստացվելու. Այսօր մի փոքր շտրիխ է հարկավոր, որ ժողովուրդը հիշի, թե ՀՀԿ-ի օրոք Գյումրին ինչ զարգացում է ապրել թե՛ տուրիզմի ոլորտում, թե՛ մշակութային ոլորտում, թե՛ սպորտային ոլորտում, թե՛ մյուս ոլորտներում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Գյումրեցիների հետ ՀՀԿ քաղաքապետի թեկնածուի շփումները ցույց են տալիս, որ նախ՝ գյումրեցիները տարանջատում են ՏԻՄ ընտրությունները՝ ԱԺ ընտրություններից. «Երկրորդ՝ այսօր մարդիկ շատ հոգնած գործող իշխանություններից՝ երանությամբ են հիշում ՀՀԿ-ի կառավարման տարիները, և այսօր ցանկություն են հայտնում նորից մեզ հետ համագործակցել, մեր ներկայությունը նորից զգալ: Հանդիպումների ժամանակ հիմնական բողոքները վերաբերում են անօթևանների խնդրին, գործազրկության տոկոսն է բարձր Գյումրիում, և այլ բազում խնդիրներ կան, որոնց լուծումը լավ աշխատանքի դեպքում հնարավոր է»:

Նա ընդգծեց՝ ՀՀԿ-ի հիմնական ուղերձը գյումրեցիներին մեկն է՝ մեկը մյուսին թևութիկունք լինելով՝ տեր կանգնել քաղաքին. «Ոչ թե մեկս մյուսին փնովենք, ինչպես գործող իշխանությունները դա մտցրին ժողովրդի մեջ, որ մինչ օրս իր բացասական հետևանքները բերում է: Բայց օր օրի այդ բացասական էներգիան թուլանում է, և ժողովուրդն այսօր շատ լավ է գիտակցում, թե ինչ բան է ատելության մթնոլորտը, ինչ պտուղներ է այն տալիս, և ինչ պտուղներ է տալիս սիրո մթնոլորտը: Մի փոքր ժամանակ անց ամեն ինչ ընկնելու է իր տեղը, և ժողովուրդը նորից սկսելու է մեկը մյուսին հարգանքով վերաբերվել, իր քաղաքը շենացնել»:

ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն Գյումրիի խնդիրների լուծումը միայն քաղաքային բյուջեով չի պատկերացնում. «Միայն Գյումրիի բյուջեն ինքն իրենով շատ փոքր է. շատ կցանկանայի, որ կառավարությունը վերանայեր իր մոտեցումը: Գլոբալ խնդիրները պետք է դոնոր կազմակերպությունների կամ բարերարների օգնությամբ լուծել»:

Դիտարկմանը՝ ՔՊ-ական գյումրեցի պատգամավորներից մեկը նշում է, որ 2018թ. «հեղափոխությունից» հետո Գյումրին դարձել է զբոսաշրջության կենտրոն, իսկ նախկինում այդպես չէր, Արտյոմ Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Չգիտեմ՝ որ պատգամավորն է վարդագույն ակնոցներով այդպես ներկայացնում: Գյումրիի տուրիզմը զարգացել է ՀՀԿ իշխանության տարիներին: Ժողովրդի մեջ էլ է տարածված այդ խոսքը, որ Ռուսթավելի փողոցով է սկսվել ամեն ինչը, երբ այդ փողոցը վերակառուցվեց, և միանգամից տուրիզմը սկսեց ուղղորդվել դեպի Գյումրի: Դա հատուկ ծրագիր էր, որ զբոսաշրջիկներին ուղղորդեր դեպի Գյումրի: Այսօր իրենք ասում են՝ ասֆալտը, քաղաքի բարեկարգումը, լուսավորության հարցի լուծումը իրենք են անում, բայց դրա հետ ոչ մի կապ չունեն: Այդ 23 մլն եվրոն Սերժ Սարգսյանն է հատկացրել Գյումրի քաղաքին, և մինչ օրս այդ գումարները ծախսվում են, դեռ ահագին փողոցներ են այդ գումարով բարեկարգվելու, լուսավորվելու, ասֆալտապատվելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս