«Ամեն կերպ փորձում են ինչ-որ բաներ գտնել․․․»․ Գայի նախկին համայնքապետը՝ 5 օր հանձնում-ընդունում իրականացնելու մասին

Արմավիրի մարզպետարանը սեպտեմբերի 16-ին Գայ համայնքում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համայնքի բնակիչ Արա Նավասարդյանին, նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր սեպտեմբերի 14-ին։

Նախկին համայնքապետն առողջական խնդիրների պատճառով սեպտեմբերի 22-ից գտնվում էր հիվանդանոցում, այդ իսկ պատճառով համայնքապետարանում հանձնում-ընդունման գործընթացը սկսվել է հոկտեմբերի 5-ին, երբ նա դուրս է գրվել հիվանդանոցից։

168.amԳայ համայնքի աշխատակազմի քարտուղար Աննա Թադևոսյանին հարցրեց, թե ինչն է պատճառը, որ  հանձնման-ընդունման գործընթացն այդքան երկարաձգվում է, արդյո՞ք կան խնդիրներ:

«Հանձնում-ընդունումը դեռ ընթացքի մեջ է։ Ճիշտն ասած, չեմ հիշում կոնկրետ օրը, խառնենք հիմա, պետք է նայեմ․․․ Ձգձգվելու բան չկա, ես նայեմ, ձեզ ճիշտը պատասխանեմ․․․»,- մեր հարցին պատասխանեց աշխատակազմի քարտուղարը և խոստացավ 30 րոպե անց հանձնում-ընդունման վերաբերյալ մանրամասներ հայտնել, սակայն 30 և ավելի րոպեներ անց, խոստմանը համաձայն,  ոչ միայն մեզ  չզանգահարեց, այլև մեր զանգերին էլ  չպատասխանեց։

Մեր զանգերին չպատասխանեց նաև համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Արա Նավասարդյանը, որին մի քանի հարց ունեինք, մասնավորապես՝  շարունակո՞ւմ է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել, թե՞ ոչ (168.am-ի տեղեկություններով՝ Գայ համայնքի բնակիչ Արա Նավասարդյանը հացի արտադրամաս ունի), և արդյո՞ք Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու պահին՝ սեպտեմբերի 16-ին, պետական այլ կառույցում աշխատել է:

168.am-ը կապ հաստատեց Գայ համայնքի նախկին ղեկավար Սեյրան Մարկոսյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքապետարանի կնիքը, աշխատասենյակի և ավտոմեքենայի բանալիները հանձնել է  հանձնաժողովին, սակայն 5–րդ օրն է, դեռ հանձնում-ընդունման գործընթացը շարունակվում է։

«Զանգել, հարցնում էին՝ բոքսի ռինգն ո՞ւր է, ես էլ պատասխանեցի՝ մարզչին հարցրեք, ես որպես համայնքի ղեկավար՝ առել, տվել եմ իրենց, որ գյուղի երեխեքը պարապեն։ Քանի որ դա ևս համայնքապետարանի գույք է համարվում, զանգահարեցի մարզչին, հարցրեցի, ասաց, որ իրենց մոտ է, ոչ մի խնդիր չկա, ասացի, որ ներկայացնի համապատասխան հանձնաժողովին։ Ամեն կերպ փորձում են ինչ-որ բաներ գտնել, որովհետև հանձնում-ընդունումը 2 օրից ավելի չպետք է լիներ, բայց այսօր 5-րդ օրն է, դեռ չեն ավարտել․․․»։

Հիշեցնենք, որ թեպետ Գայի նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր սեպտեմբերի 14-ին, նա մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ իրականացրել է համայնքապետի պարտականությունները, և ինչպես ինքն էր նշել մեր նախորդ հարցազրույցում, անգամ ֆինանսական փոխանցումներ էր կատարել։ Իսկ Արմավիրի մարզպետարանը, որ համայնքապետի պոշտոնակատարին նշանակել է սեպտեմբերի 16-ին, նորանշանակ պաշտոնակատարին համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է միայն այն ժամանակ, երբ նախկին համայնքապետը գտնվել է հիվանդանոցում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները սեպտեմբերի 28-ին զանգահարել էին հիվանդանոցում գտնվող Գայի նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանին, պահանջել համայանքապետարանի կնիքն ու բանալիները․

«Զանգեցին, բա՝ սռոչնի բալնիքը, պեչատը բեր, ես էլ ասել եմ՝ բանալին ու կնիքը ես ո՞նց կարող եմ տալ։ Կնիքը հանձնում-ընդունումով պետք է փոխանցվի․․․ Մի կեղծիք կանեին, վաղը ես պետք է պատասխան տայի․ մեկ էլ իմ աշխատասենյակի բանալին են ուզել, որի դուռը փակ է, այնտեղ պայմանագրեր կան, դրանք ևս պետք է հանձնաժողովով հանձնում-ընդունում անեմ։ Մարզպետարանից, գյուղապետարանից հանձնաժողով է լինում, նոր հանձնում-ընդունում է կատարվում, որպեսզի վաղը մի բան չլինի, ու գցեն ինձ վրա»։

Տեսանյութեր

Լրահոս