«Ես հիվանդանոցում եմ, աշխատողները զանգեցին, ասացին՝ մարդ են բերել, ներկայացրել». Գայ համայնքի ղեկավարը՝ իր փոխարեն պաշտոնակատարի նշանակման մասին
Արմավիրի մարզի Գայ համայնքի արդեն նախկին համայնքապետ Սեյրան Մարկոսյանի պաշտոնավարման ժամկետը սեպտեմբերի 14-ին է լրացել, իսկ սեպտեմբերի 16-ին Արմավիրի մարզպետարանը համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն համայնքի բնակիչ Արա Նավասարդյանին։
Նախկին համայնքապետը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև սեպտեմբերի 14-ին էր լրացել իր պաշտոնավարման ժամկետը, մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ շարունակել է պաշտոնավարել, հետո առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է հիվանդանոց․ այս պահին էլ հիվանդանոցում է․
«Սեպտեմբերի 22-ի երեկոյան վատացել եմ, տեղափոխել են հիվանդանոց։ Ես հիվանդանոցում եմ եղել, երբ սեպտեմբերի 28-ին աշխատողները զանգեցին, ասացին՝ մարդ են բերել, ներկայացրել, որ սեպտեմբերի 16-ից ինքն է եղել համայնքապետի պաշտոնակատարը։ Ինձ ոչ մեկը գրավոր որոշում, ոչ մի բան չի ուղարկել, ես մինչև 22-ն աշխատել եմ, անգամ ֆինանսական փոխանցումներ եմ արել»։
Սեյրան Մարկոսյանը նաև ասաց, որ սեպտեմբերի 28-ին, երբ ներկայացրել են համայնքապետի պաշտոնակատարին, այդ օրը նոր միայն իր հետ կապ են հաստատել․
«Զանգեցին, բա՝ սռոչնի բալնիքը, պեչատը բեր, ես էլ ասել եմ՝ բանալին ու կնիքը ես ո՞նց կարող եմ տալ։ Կնիքը հանձնում-ընդունումով պետք է փոխանցվի․․․ Մի կեղծիք կանեին, վաղը ես պետք է պատասխան տայի․ մեկ էլ իմ աշխատասենյակի բանալին են ուզել, որի դուռը փակ է, այնտեղ պայմանագրեր կան, դրանք ևս պետք է հանձնաժողովով հանձնում-ընդունում անեմ։ Մարզպետարանից, գյուղապետարանից հանձնաժողով է լինում, նոր հանձնում-ընդունում է կատարվում, որպեսզի վաղը մի բան չլինի, ու գցեն ինձ վրա»։
168.am-ը հետո զրուցեց նաև Գայ համայնքի աշխատակազմի քարտուղար Աննա Թադևոսյանի հետ։
«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը գալիս է համայնքապետարան, բայց ընդունում-հանձնում դեռ չի եղել, նախկին համայնքապետը պետք է վերադառնա, նոր այդ գործընթացն իրականացվի»,- ասաց աշխատակազմի քարտուղարը, ապա հավելեց, որ այլ հարցերի իրավասու չէ պատասխանել։
168.am-ի տեղեկություններով՝ Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արա Նավասարդյանը ձեռնարկատիրությամբ է զբաղվել՝ համացանցում Արմավիր մարզի Գայ գյուղում գրանցված «Արա Նավասարդյան» Ա/Ձ կա (Ա/Ձ «Արա Նավասարդյան» անունով, Արմավիրի մարզ, գ․ Գայ (ՀՎՀՀ 49646287), որը, չի բացառվում, որ հենց Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին է պատկանում: Արդյո՞ք համայնքապետի պաշտոնակատարը զբաղվում է ձեռնարկատիրությամբ, փորձեցինք ճշտել հենց Արա Նավասարդյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
Ի դեպ, Արմավիրի մարզպետարանի կայք-էջում՝ մարզպետի որոշումներ բաժնում, մինչև օրս Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, տեղադրված չէ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշումը։
168.am-ը պարզեց, որ Գայի համայնքապետի պաշտոնակատարին համայնքապետարանի աշխատակիցներին ներկայացնողներից մեկը եղել է Արմավիրի մարզի Նորապատի նախկին գյուղապետ, 2021 թվականի հունիսի 29-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնում նշանակված Վահրամ Խաչատրյանը։
168.am-ը Արմավիրի փոխմարզպետ Վահրամ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել հենց Արա Նավասարդյանին։ Նա պատասխանեց, որ որոշում կայացնողն ու նշանակողն ինքը չէ.
– Նախկին համայնքապետի ժամկետը լրացել է, մարզպետի որոշումով տարել, ներկայացրել ենք։ Ես ընդամենը ներկայացրել եմ մարզպետի որոշումով։ Ես մնացածից տեղյակ չեմ։
– Տեղյա՞կ եք արդյոք, օրենքը թույլ տալի՞ս է ձեռնարկատիրությամբ զբաղվող անձին նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
– Ես, ճիշտն ասած, շատ տեղյակ չեմ էդ ամեն ինչից, ընդամենը մարզպետի որոշումով..․ իրավասու էլ չեմ ձեր հարցերին պատասխանել, որովհետև որոշումն էլ իմը չէ։
– Այսինքն՝ անձամբ մարզպետի՞ հետ պետք է խոսենք։
– Այո։
– Քանի որ նման բարձր պաշտոն եք զբաղեցնում՝ մարզպետի տեղակալ, պետք է որ տեղյակ լինեիք։
– Ես չեմ կրող ձեր հարցերին պատասխանել, քանի որ որոշումը ես չեմ կայացրել, ես որոշում կայացնող չեմ։
– Իսկ կարո՞ղ ենք մարզպետի հետ կապ հաստատել, կարո՞ղ եք միջնորդել, քանի որ ես ուզում եմ, որպես երկրորդ կողմ՝ ձեր մեկնաբանությունը նաև ներկայացնել։ Մեր տեղեկություններով՝ Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, որին դուք եք ներկայացրել համայնքապետարանի աշխատակիցներին, ձեռնարկատիրությամբ է զբաղվում․․․
– Ես իրավասու չեմ հարցերին պատասխանել, ես որոշում չեմ կայացրել։
– Այսինքն՝ զուտ կատարող եք, ներկայացրել եք համայնքապետի պաշտոնակատարին։
– Այո՛, մարզպետի որոշումով է եղել. մարզպետի որոշումն էլ, եթե առարկություն ունեն, կարող են դիմել համապատասխան տեղերը։
– Դուք կարո՞ղ եք մարզպետ Համբարձում Մաթևոսյանին փոխանցել, որ ուզում ենք կապ հաստատել իր հետ։
– Այո՛, Կառավարության նիստը վերջացնի, անպայման։
Արմավիրի փոխմարզպետին տեղեկացրինք, որ Կառավարության նիստն ավարտվել է (հեռախոսազրույցը տեղի է ունեցել է 30.09.21 ժամը 13։30), և որ ևս 1 ժամ կսպասենք, որ ինքը կամ մարզպետարանի ցանկացած իրավասու պաշտոնյա, հարցը խորությամբ ուսումնասիրելուց հետո, մեկնաբանություն տա, սակայն Արմավիրի փոխմարզպետը երեկ այդպես էլ չզանգահարեց, ավելին, Վահրամ Խաչատրյանն այլևս չպատասխանեց մեր զանգերին։
Նշենք, որ ինչպես Գայ համայնքի նախկին ղեկավար Սեյրան Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, Գայ համայնքում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են 2021 թվականի դեկտեմբերի 5-ին, և ինքն էլ նորից առաջադրվելու է․
«Անպայման թեկնածությունս դնելու եմ, մասնակցելու եմ․․․»։
168.am-ին Գայ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արա Նավասարդյանի նշանակման վերաբերյալ այլ մանրամասներ էլ են հայտնի, սակայն այս փուլում դրանք դեռևս չենք հրապարակում։