«Մեր կյանքի գնով կանգնած ենք». Հայր Աթանասը շարունակում է հոգևոր ծառայությունը Դադիվանքում
Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց այս պահին Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը:
«Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում եւ տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա:
Հոգեւոր սպասավորը նշեց, որ իրենք այս պահին լիարժեք մեկուսացման մեջ են գտնվում, չորս կողմից ադրբեջանցի զինծառայողներ են` բավական մեծ քանակությամբ, եկեղեցին, սակայն, հսկվում է ռուս խաղաղապահների կողմից:
«Չնայած այս ամենին, բացարձակ վախ չկա: Եկեղեցին կանգուն է, որեւէ բան չի եղել, մենք մեր կյանքի գնով կանգնած ենք, փորձում ենք ընկած քարը բարձրացնենք եւ չթողնենք, որ քանդեն: Եւ ֆիզիկապես, եւ հոգեպես է մեր զոհողությունն այս պահին եւ հուսամ` ապարդյուն չի անցնի: Մի քանի անգամ ուդիներ են եկել, ուխտագնացություն են կատարել, ինչ-որ հոգեւոր արարողություններ են իրականացրել, ու հետ են գնացել»,- պատմում է նա:
Հայր Աթանասի կարծիքով` Դադիվանքի ապագան ուղիղ համեմատական է երկրի ապագայի հետ, ճիշտ է` անորոշ է ամեն ինչ հիմա, սակայն կարեւորը հավատքն է, որը պետք չի կորցնել:
«Ով հավատա, նրան կտրվի… կարեւորը հավատքն է այս պահին, որ մարդիկ հույսները չկորցնեն առ Աստված, առ հայրենիք: Ով հավատ կունենա, տեղի կունենա անհնարինը, մենք այդ հավատքով ենք այստեղ` հրաշքի ենք սպասում: Տխուր է, որ արդեն երկրորդ տարին է` առաջին ձյունը Դադիվանքում դիմավորում ենք այս պայմաններում»,- հավելեց հայր Աթանասը:
Հիշեցնենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որն էլ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանքի հարեւանությամբ: