
«Եվրատեսիլ-2022»-ը տեղի կունենա Թուրինում

«Եվրատեսիլ-2022» միջազգային մրցույթը տեղի կունենա Թուրինում: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Իտալիայի RAI պետական ռադիոհեռուստատեսային կորպորացիայի ղեկավարությունն այդ որոշման մասին կհայտարարի մոտ ժամանակներս, սակայն Թուրինի թեկնածությունն արդեն հաստատված է: Բացի Պիեմոնտի հյուսիսային մարզի վարչական կենտրոնից, հեղինակավոր մրցույթի անցկացման համար, որտեղ ներայացված են երաժիշտներ ամբողջ Եվրոպայից, հավակնել էին Միլանը, Բոլոնիան, Ռիմինին եւ Պեզարոն:
Իտալիան «Եվրատեսիլն» ընդունելու իրավունքն ստացել է Maneskin խմբի հաղթանակից հետո: Իտալիայի այդ հաղթանակը դարձել է երրորդը «Եվրատեսիլի» պատմության մեջ եւ առաջինը 1990 թվականից ի վեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: