Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավելի քան 140.000 երեխա է ծնողից կամ խնամակալից զրկվել կորոնավիրուսի պատճառով

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի պատճառով ավելի քան 140.000 երեխա 2020 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում վերապրել է ծնողի կամ խնամակալի մահը: Այդ մասին ասվում է մի խումբ հեղինակների հոդվածում, որը հոկտեմբերի 7-ին հրապարակվել է Pediatrics հանդեսում։

Հեղինակները նշել են, որ ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունների երեխաների մոտ ծնողի (կամ խնամակալի) մահվան հետ բախվելու ռիսկը 1,1-4,5 անգամ ավելի մեծ է, քան սպիտակամորթ ամերիկացիների ընտանիքներում: Այսպես, թեեւ ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունները կազմում են ԱՄՆ-ի բնակչության 39 տոկոսը, հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների մոտավորապես 65 տոկոսը, որոնք զրկվել են ծնողից կամ խնամակալից, լատինամերիկացիներն են, աֆրոամերիկացիները, ասիացիները, հնդկացիները եւ Ալյասկայի բնիկները. 35 տոկոսն սպիտակամորթ ամերիկացիներն են:

Հետազոտությունը դարձել է ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC), Լոնդոնի կայսերական քոլեջի, Հարվարդի, Օքսֆորդի եւ Քեյփթաունի համալսարանների համագործակցության արդյունքը: Հեղինակներն օգտագործել են բնակչության մահացության, ծննդունակության եւ մարդահամարի տվյալները որբությունը գնահատելու համար, որը կապված է կորոնավիրուսի հետ, ինչը նրանք սահմանում են որպես մեկ կամ երկու ծնողների կամ տատիկի ու պապիկի մահ, որոնք կրում էին երեխայի խնամքի հիմնական պատասխանատվությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս