Մանդատի հերն անիծած, բայց դա ֆեյք ընդդիմության մանդատը չէ. նրանցը ՔՊ-ի ձեռքում է. Արծվիկ Մինասյան
Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անպատասխան թողեց հարցը՝ արդյոք Արցախը կարո՞ղ է երբևէ հայտնվել Ադրբեջանի կազմում։
«Ես համանախագահներին ասել եմ՝ հարգելի համանախագահներ, արդյոք կա՞ Մադրիդյան սկզբունքներով ճանապարհ, որով ԼՂ-ն կարող է ստանալ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ պաշտպանենք ԼՂ ժողովրդի իրավունքները, բայց ուզում եմ ասել, որ կենաց ասելով չէ, այդ գործընթացում մենք սահմանափակված ենք փաստաթղթերով»,- ի պատասխան իրեն տրված շատ ուղիղ հարցին՝ ասել էր Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նման կարևոր հարցի պատասխանից խուսափելուն՝ ասաց, որ Փաշինյանի իշխանության համար կարևոր է բացառապես սեփական աթոռը, հետևաբար, փորձում են ամեն ինչ անել պետությանը հասցրած դժբախտությունների մեղքը տարբեր հանգամանքների ու անձանց վրա բարդելու և պատասխանատվությունից խուսափելու ուղղությամբ։
«Իշխանությունների գործողությունների հիմքում չկան կարմիր գծեր, նրանք պատրաստ են տրվել թշնամուն մինչև վերջ, իսկ այդ տրման գործընթացում համաձայնության են եկել ցանկացած զիջումների շուրջ։ Դրանցով պայմանավորված՝ փորձելու են խուսափել պատասխանատվությունից։ Պատրաստ են չպատասխանել կարևոր հարցերին, խուսափել դրանցից, միայն թե կեղծ խաղաղության դարաշրջանով երկարաձգեն իրենց իշխանությունը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ անհնար է այս տարաշածրջանում խաղաղության դարաշրջանի բացումը, հետևաբար՝ անհեթեթություն է դրա մասին խոսելը, որովհետև կան Թուրքիա և Ադրբեջան, որոնց նպատակը հայ ազգի վերացումն է։
«Այս իշխանությունները թուրքական շահն են սպասարկում. նրանց կողմից արված բոլոր հայտարարությունները՝ միջանցքների մասին, հենց այդ շահի սպասարկմանն են միտված, որովհետև Հայաստանն ու Արցախը հայտնվել են մի իրավիճակում, որ մենք չենք կարող Թուրքիային և Ադրբեջանին համաձայնություններ տալ. դա չենք կարող անել հատկապես այն դեպքում, երբ տեսնում ենք, թե ինչպես են քանդել մեր բանակը։ Ստեղծված իրավիճակում՝ Ադրբեջանին և Թուրքիային տրված որևէ համաձայնություն չի՛ կարող բխել մեր շահերից»,- ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղարը, ապա ուշադրություն հրավիրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ կատարվողին։
«Այն, որ միջազգային նավթային կազմակերպությունները դերակատար են եղել այս տարածաշրջանային գործընթացներին մշտապես, դա փաստ է։ Պատահական չէ, որ Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանն առաջինը հրավիրեց միջազգային կորպորացիաներին ներդրումներ անելու։ Հատկապես հանքարդյունաբերության ոլորտում կարող են այս կազմակերպություններն ընդհուպ պատերազմ հրահրել, ուստի չի բացառվում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսի անցումը վարչապետի աշխատակազմին խոշոր առևտրային գործարքի մի մասն է ընդամենը։ Փաշինյանը երբ խոսում է միլիարդավոր ներդրումների մասին, չի էլ պատկերացնում, որ դրանք իրենց մեջ պարունակում են հսկայական ռիսկեր. կամ գուցե պատկերացնելով հանդերձ՝ ասում է՝ առանց մտածելու, որ դա կարող է Հայաստանը տանել հսկայական կորուստների։ Հաշվի առնելով, որ մենք հիմա գործ ունենք մի Կառավարության հետ, որը զրո ազգային նկարագիր ունի, պարզ է, որ հենց նման նկարագիրն էլ դրված է լինելու նրանց կնքած գործարքներում։ Իսկ երբ միլիարդավոր դոլարներով նոր ատոմակայանի բացման մասին է խոսում, կա՛մ չի տեսնում թաքնված ականները, կա՛մ տեսնելով է խոսում»,- ասաց Մինասյանը։
Հարցին՝ կա՞ վտանգ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է դրվել Սյունիքի վերաբերյալ որևէ գործարքի հիմքում, պատգամավորը պատասխանեց.
«Աստված չանի, բայց կա ռիսկ, որ դա կարող է սպառնալ ոչ միայն Զանգեզուրի կոմբինատին, այլ նաև այլ հանքերի։ Այստեղ խոսքը գնում է Հայաստանն ամբողջապես նվաճելու միջազգային, գուցե որոշակի կոնսենսուսով ծրագրի մասին»։
Հարցին՝ իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը կանխելու Հայաստանն ամբողջապես նվաճելու այս գործընթացը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դրա համար ոչ միայն Ազգային ժողովում են իրենք պայքարում, այլ նաև պլանավորում են սկսել փողոցային պայքար, իսկ այս ընթացքում ակտիվորեն աշխատում են ՀՀ բոլոր մարզերում՝ մարդկանց փորձում են բացատրել, որ պետականության տակ դրված են լրջագույն ականներ։
Դիտարկմանը, թե խորհրդարանական նախկին ընդդիմադիրներն ակտիվորեն քննադատում են իրենց՝ խորհրդարանական ընդդիմությանը մեղադրելով իշխանության հետ անարդյունավետ քննարկումների մեջ մտնելու և չափից շատ կառուցողական լինելու մեջ, պատգամավոր Մինասյանը պատասխանեց.
«Չպետք է փորձել ընդդիմության պառակտման վարքագիծ դրսևորել։ Դա ավելի շատ նմանվում է իշխանության օրակարգը սպասարկելուն, քան այս իշխանւթյունից ազատվելու ցանկության։ Մենք գիտենք, որ բոլոր ժամանակների իշխանությունները ունեցել են ֆեյք ընդդիմադիրներ, բայց այս իշխանությունն ավելի մեծ թվով է դա ձևավորել։ Տո էս մանդատի հերն էլ անիծած, աշխատավարձինն էլ։ Մեզ քննադատող ընդդիմադիրները թող իմանան, որ այս մանդատները, դրանք նրանց մանդատները չեն, իրենց մանդատները գտնվում են Փաշինյանի ՔՊ-ի ձեռքում»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում