«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը» շուտով նոր տնօրեն կունենա. ովքե՞ր են թեկնածուները
«Հոկտեմբերի 22-ին տեղի կունենա «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը:
Հարցին, թե քանի՞ հոգի է դիմել տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար, նա պատասխանեց, որ հավակնորդների թիվը երեքն է:
ԿԳՄՍ նախարարի մամլո խոսնակն անուններ չհրապարակեց, սակայն մամուլում արդեն շրջանառվում է Կամերային երաժշտական ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի անունը:
Հիշեցնենք, որ մրցույթ էր հայտարարվել նաև մայիսի 14-ին, սակայն հայտ չլինելու պատճառով այն չէր կայացել:
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր է այս տարվա գարնանից։ Հայտարարված առաջին մրցույթին ոչ ոք հայտ չէր ներկայացրել, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
Տնօրենի հավակնորդների թվում մայիսին շրջանառվում էր նաև Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի անունը։
Վիկտոր Մնացականյանից առաջ նվագախմբի և համերգասրահի տնօրենի պաշտոնում երկար տարիներ՝ 2003 թվականից, աշխատել է Ռուզաննա Սիրունյանը։
Նշենք, որ Նորայր Նազարյանը 2006-2008թթ. աշխատել է որպես տնօրենի օգնական «Ազգային տարի» ՊՈԱԿ-ում, որը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնությունում և Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի տարի միջոցառումները: 2008-2011թթ. որպես փոխտնօրեն աշխատել է «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ում, 2011-2018 թթ. եղել է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն, ինչպես նաև 2018 թ. հունիսից զբաղեցրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
2018 թ. դեկտեմբերի 18-ին Նորայր Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:
Որպես գլխավոր մենեջեր՝ եղել է «Այց առաջին քրիստոնյա երկիր» Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից «System of a downխմբի» համերգի և Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության կազմակերպիչ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունեցել այլ կարևոր պետական միջոցառումների կազմակերպման հարցում: