«Օդային միջանցքը, ըստ էության, առաջին «միջանցքն» էր, որը տրվեց Ադրբեջանին». Աննա Գրիգորյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ անազատության մեջ գտնվող սյունեցի ներկա և նախկին համայնքապետերից կարողացել են այցելել միայն Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Առուշ Առուշանյանի և Մանվել Փարամազյանի հետ տեսակցությունները փակ են։
«Ես դժվարանում եմ մեկնաբանել, թե ինչու է հատկապես նրանց դեպքում տեսակցությունները փակ, բայց փաստ է, որ մենք վերջինների հետ արդեն բավականին երկար ժամանակ չենք կարողացել խոսել։ Այո, Առուշ Առուշանյանը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, և ես հույս ունեմ, որ գորիսեցիները գնահատելով նրա կատարած աշխատանքը վերջին տարիներին, կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը։ Այն, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, արդեն որևէ մեկի մոտ հարց չի առաջանում։ Առուշ Առուշանյանն այս պահին կալանքի տակ է, որովհետև Քարահունջի գյուղապետը, որին մի պահ ձերբակալել էին, մի քանի անգամ գրում է ցուցմունք և, վերջին ցուցմունքը գրելուց հետո, նրան բաց են թողնում և կալանավորում Առուշանյանին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Գրիգորյանը։
Ըստ պատգամավորի, Առուշ Առուշանյանին ձերբակալում են և պատրվակ բերում, թե նա կաշառք է տվել, սակայն ամբողջ մեկ տարի Գորիսի համայնքապետարանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին։
«Հետապնդումներ են սկսել նաև Գորիսի քաղաքապետի երկու տեղակալների՝ Մենուա Հովսեփյանի, որն այս պահին կալանավորված է, և Իրինա Յոլյանի նկատմամբ։ Զավեշտն այն է, որ նրանք ֆինանսական աջակցություն են տրամադրել Շուռնուխի մի բնակչի, ում տունն այս իշխանությունը նվիրել է Ադրբեջանին»,- հավելեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է ՀՀ օդային սահմանն Ադրբեջանի համար բացելու մասին լուրերին, ապա Աննա Գրիգորյանն ասաց. «Օդային միջանցքը, ըստ էության, առաջին «միջանցքն» էր, որը տրվեց Ադրբեջանին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում