
Թուրքիայում կքննարկվի ՄԱԿ -ի առաքելություններում թուրք զինվորականների մանդատը երկարաձգելու մասին օրինագիծը

Չորեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարան է ներկայացվել Մալիում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ՄԱԿ -ի գործողություններում և առաքելություններում թուրք զինվորականների մանդատը մեկ տարով երկարաձգելու մասին օրինագիծը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրք զինվորականների ներդրումը հումանիտար և քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործում, որոնք սպառնալիք են ներկայացնում աֆրիկյան մայրցամաքում խաղաղության և կայունության համար, Անկարայի ակտիվ արտաքին քաղաքականության բնական շարունակությունն է», – նշվում է Թուրքիայի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթի մեջ:
Աֆրիկյան երկու երկրներում ՄԱԿ -ի առաքելություններին մասնակցելու առաջին նման մանդատը Թուրքիայի խորհրդարանի կողմից հաստատվել է 2016 թվականի օգոստոսի 2-ին:
Այս oրինագիծը նախատեսում է մանդատի երկարաձգում մեկ տարով` սկսած 2021 թվականի հոկտեմբերի 31-ից: