«Փառք նախկիններին»․ արմավիրցի խաղողագործն ահազանգում է՝ Սուրեն Պապիկյանի խոստացած 130 դրամի փոխարեն՝ խաղողը 65 դրամով են ընդունում
Շուրջ 2 ամիս է՝ չեն դադարում խաղողագործների ահազանգերը՝ կապված մթերումների և խաղողի գնի էժան լինելու հետ։ Նրանք բողոքում են, որ խաղող մթերող գործարաններն արհեստական հերթեր են առաջացնում, այնուհետև պատճառաբանելով խաղողի վատ որակը՝ գինն իջեցնում են։
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, խաղաղագործ Տոնական Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում հիշում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում խաղողագործներին ուղղված ելույթը։
Այդ օրը Պապիկյանը հայտարարել էր, որ խորհրդակցություն է անցկացրել խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը սահմանել 130 դրամ․
«Սա մեր ընդհանուր հայտարարի եկած գինն է, որի մասին մթերող գործարանները պարտավորվել են հայտարարություն կատարել․․․»,- ԱԺ ամբիոնից ասել էր Սուրեն Պապիկյանը։
Արմավիրցի խաղաղագործ Տոնական Կարապետյանն ասում է՝ Սուրեն Պապիկյանի այս ելույթն ավելի շատ վնասել է իրենց, քան օգնել․
«Երանի Սուրեն Պապիկյանը չխոսեր գործարանի տերերի հետ, 115 դրամով ընդունում էին, մենք էլ գլուխներս կախ տանում տալիս էինք․ գնաց, խոսացին՝ 130 դրամ, բայց դարձրեց 80-90 դրամ, անգամ 65 դրամ։ Ասում են՝ 130 դրամ, բայց բերքի որակը պատճառաբանելով՝ 10 տոննայի փոխարեն գրում են՝ 5 տոննա․․․։ Եղավ, որ 10 տոննան պետք է լիներ 1․300.000 դրամ, գրում են՝ 5 տոննա, կազմում է 650.000 դրամ, խնդրեմ, այ էս ձև է եղել ձեր 130 դրամը, հարգելի Սուրեն Պապիկյան»։
Պարոն Տոնականն ասում է՝ տանջանքով մշակած խաղողը մի քանի օր առաջ հանձնել է Արմավիրի մարզի Պռոշյանի գինու և կոնյակի գործարանում, այնտեղ ևս պատճառաբանել են բերքի որակը ու, ինչպես ինքն է ասում՝ խայտառակ գին են առաջարկել․
«Էս ողկույզն են ցույց տալիս, էն ողկույզն են ցույց տալիս, վերջն ի՞նչ առաջարկեն, որ լավ լինի՝ 50-50։ Այսինքն, եթե 10 տոննա է, պետք է գրենք՝ 5 տոննա, այսինքն՝ խաղողի կիլոն դառնում է 50-60 դրամ, մի խելագարություն։ Իրականում 130 դրամով խաղող չե՛ն ընդունել, ո՛չ մեկը»։
Քարակերտի բնակիչն ասում է՝ նախկին իշխանություններին դեմ է եղել, բայց այսօր, սեփական մաշկի վրա զգալով գործող իշխանությունների անտարբերությունն ու անարդյունավետ աշխատանքը, նախկիններին երանի է տալիս․
«Նախկին իշխանություններին դեմ եմ եղել, ահավո՛ր, սրանց թեպետ ծափերով չեմ ողջունել, բայց ասում էի՝ նորմալ կլինի, հիմա ասում եմ՝ փառք նախկիններին։ Չգիտեմ, նրանք ամենաշատը կարող էին ասել՝ 5 տոկոս փչացած է, մենք էլ կասեինք՝ ա՜, թե ոնց, բայց հիմա 50 տոկոսն են ասում փչացած է, մենք էլ խելոք, գլուխներս կախ՝ լսում ենք։ Նախկին իշխանությունների օրոք 5 տոկոսի դեպքում մենք չգիտեմ ինչեր էինք անում, բայց հիմա խելոք լսում ենք»։
Տոնական Կարապետյանի այգում՝ վազերի վրա, դեռ շատ խաղող կա, բայց չի պատրաստվում քաղել, ասում է՝ ավելի լավ է մնա, չորանա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում