«Հարցն ուղղեք Օնիկ Գասպարյանին, ԱԱԾ սպայական կազմին, որոնք կրում են այդ տեղեկատվությունը». Արթուր Ղազինյանը՝ 5 մլրդ-ի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչու ընթացք չի տրվում այն լուրերին, որ Ալիևը 5 մլրդ դոլար է առաջարկել Նիկոլ Փաշինյանին՝ Արցախի վաճառքի համար:

«Նախ այդ առաջարկի մասին, այն նոր չէ, այն արվել է դեռևս 2011 թվականից, հիմքը հետևյալն է՝ միևնույն է, այսպես թե այնպես, հարցը մի օր պետք է լուծվի, Ադրբեջանի առաջարկությունն է եղել, դե, որպեսզի պատերազմ չլինի: Ինչպես գիտենք, նույն առաջարկն արվել է նաև 2018 թվականից ստեղծված օպերատիվ կապի շրջանակներում, ընդ որում, գրավոր այն փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին, հիմա չգիտենք՝ մերժում եղե՞լ է, թե՞ ոչ: Քանի որ գրավոր է եղել առաջարկը, հետևաբար՝ պատասխանը պետք է գրավոր լիներ: Այն, ինչի համար առաջարկվում էր 5  մլրդ դոլար, այժմ գտվում է Ադրբեջանի հսկողության տակ, հանձնվել է Ադրբեջանին: Հիմա եկեք հասկանանք՝ 5 միլիարդի գործարք եղե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց  պատգամավորը:

Արթուր Ղազինյանի փոխանցմամբ, առնվազն հինգ հաղորդում է ներկայացվել պետական դավաճանության հոդվածով, որից մեկը ինքն է ներկայացրել, սակայն իրավապահ համակարգը հրաժարվում է իրավական ճանապարհով քննել պատերազմը, դավաճանության հանգամանքը:

«Վստահ եմ, որ այդ ամենը մի օր բացահայտվելու է, բոլոր մեղավորները ենթարկվելու են ամենախիստ պատասխանատվության: Այս հարցերի հասցեատերը ես չեմ, այլ այն մարդիկ, որոնք ունենք կոնկրետ փաստեր և պետք է այդ փաստերը հրապարակայնացնեն: Եթե հայտնվեն նոր տվյալներ՝ հատկապես 5 միլիարդի վերաբերյալ, ապա առանց աչք թարթելու մենք կներկայացնենք նոր հաղորդում հանցագործության մասին: Հարցն ուղղեք Օնիկ Գասպարյանին, ԱԱԾ սպայական կազմին, որոնք կրում են այդ տեղեկատվությունը և իրավասու են հրապարակել»,- եզրափակեց Արթուր Ղազինյանը:

Տեսանյութեր

Լրահոս