Ո՞րն է հայ ժողովրդի ռեակցիան, երբ իրեն ծաղրում են․ Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման
Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։
Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։
Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պարծանք է։ Արոնյանը բազմաթիվ անգամ հաղթել և պարտվել է արդբեջանցի ուժեղագույն շախմատիստներին. դրանում ոչ մի արտառոց բան չկա։ Զուտ մարդկայնորեն ուզում ես հասկանալ, թե ոգևորվածները, այնուհանդերձ, ինչպե՞ս են պատկերացնում «ջախջախել»-ը՝ մատ անելուց հետո սեղանը գլխի՞ն տվեց, թե հետո «իջավ մեջքին»։
Այս թերևս թեթև օրինակը բերում եմ մի պարզ պատճառով. մեր հասարակությունը աճ չի ցույց տալիս՝ նույնիսկ այսքան բան վերապրելուց հետո։
Մենք կարող ենք ազգային հպարտություն ապրել, որ Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին, ըմբշամարտիկը տատամիի վրա շպրտեց ադրբեջանցի մրցակցին, թեքվոնդոյիստը քացով նոկաուտ արեց և այլն։ Բայց մենք կարող ենք ռեակցիա չտալ, երբ նույն օրը Ալիևը ողջ հայ ժողովրդին ասում է «խելոք մնացեք, գլուխներդ կջարդեմ»։ Մենք պատրաստ ենք ազգովի թաքնվել ռեստորաններում, երբ Ալիևն ասում է՝ մոռացե´ք Ղարաբաղը, չկա նման հարց։ Մենք կարող ենք կուլ տալ, երբ Ալիևը ծաղրում է մեզ, իր հետ բանակցողին որակում է «հարբած ծաղրածու», և մենք չունենք մտածողության նվազագույն որակներ, որ փոխենք բանակցողին ու նոր բանակցող կարգենք՝ չպարտված մեկին։
Մենք կարող ենք ոգեշնչվել մեր մի սպորտսմենի՝ ադրբեջանցուն հաղթելու փաստից, բայց որպես ազգային պահանջ չդնենք բացահայտել ճշմարտությունը՝ ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց պատերազմը շուտ դադարեցնել։ Բոլոր ադրբեջանցի սպորտսմեններին հաղթելու դեպքում նույնիսկ մենք կստանանք մի ավել միավոր կամ մի մեդալ, իսկ պատերազմը շուտ չդադարեցնելու պատճառով մենք ունեցանք 2 հազարից ավել լրացուցիչ զոհ, 5 հազարի չափ վիրավոր, կորցրել ենք քաղաքներ ու գյուղեր։
Ո՞րն է հայ ժողովրդի ռեակցիան, երբ իրեն ծաղրում են։ Մոռանանք բոլոր քաղաքական ուժերին՝ նախկին, ներկա և գալիք նախագահներին. ի՞նչ ռեակցիա ենք տալիս մենք, որպես ազգ, երբ մեզ ծաղրում են։ Հարյուրավոր հազարները գնում են ընտրատեղամաս և քվեարկում այն անձի/անձանց օգտին, որոնց պատճառով մենք հայտնվել ենք հարբած ծաղրածուի դերում, որին այսօր կարող են անպատիժ վիրավորել ու սպառնալ։ Սա առո՞ղջ հասարակական ռեակցիա է։
Պետք չէ բարդ պատասխաններ, բարդ տարբերակներ փնտրել։ Նույնիսկ համակենտրոնացման ճամբարներում եղել է ազգային և անհատական արժանապատվություն։ Մենք ինչո՞ւ ենք մեզ այսպես պահում։ Պետք չէ թաքնվել նաև «ազգային արժանապատվության» ավելի վերացական ձևակերպման տակ. կա նաև անհատական արժանապատվության պարզ խնդիր։ Որպես քաղաքացի և որպես հասարակություն մենք ունենք մեր անելիքը՝ թույլ չտալ, որ մեզ ծաղրեն։
Ես, անգամ, հունիսի քսանի արդյունքներից հետո, վստահ եմ, որ մենք ունենք ազգային ռեսուրս՝ արժանապատիվ վերելքի համար։ Մենք միայն պետք է սկսենք հարցերը ավելի պարզ ձևակերպել, գտնենք ճիշտ բանաձևերը՝ մեր երկրում վերջապես փոփոխություններ սկսելու համար։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
տելեգրամյան ալիքից