
Լիտվայի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Պարոն Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:
Վարչապետ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարգանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Լիտվայի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին: