Ալիևի հետ ամեն մի հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների վերաբերյալ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանից պաշտոնական մակարդակով չեն արձագանքում Ադրբեջանից եկող ծաղրական հայտարություններին և ի՞նչ պետք է անել, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կրկնեց, որ միակ տարբերակն այս իշխանության հեռանալն է:
«Խոսում են հնարավոր հանդիպման մասին: Եվ Հայաստանի ղեկավարը պետք է նստի և բանակցի մի մարդու հետ, որը իրեն անվանել է «հարբերցող ծաղրածու», եթե չեմ սխալվում: Դուք ո՞նց եք պատկերացնում, այդ հանդիպման բովանդակային մասը ինչպիսի՞ն պետք է լինի:
Չեն պատասխանում, որովհետև կոմպլեքսավորված են, որովհետև պարտվել են, որովհետև հնարավոր է, որ դրա հետևում կան ևս այլ բաներ, որոնց մասին այսօր մենք չգիտենք: Եվ այս իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը սրանց հեռանալն է: Ես ուղղակի ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Ամեն մի հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի Հանրապետության համար և մեր ժողովրդի համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում