
Լիտվան կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցության խթանման հարցում. Փաշինյան

Լիտվան Եվրամիությունում Հայաստանի առանցքային գործընկերներից է և կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ:
Փաշինյանը նախ շնորհակալություն հայտնեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև՝ ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:
«Լիտվան Եվրոպական Միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերությունները ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ ամենատարբեր ոլորտներում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ այսօր երկու երկրների միջև կա չօգտագործված ներուժ՝ համագործակցությունը ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում:
«Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական Միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում»,-ասաց Փաշինյանը: