
Շրի Լանկայում COVID-սահմանափակումները կմեղմացնեն՝ պահպանելով միայն գիշերային պարետային ժամը

Շրի Լանկայի իշխանությունները չեղարկում են գրեթե վեց շաբաթ երկրում սահմանված մեկուսացման ռեժիմը՝ COVID-19-ի հիվանդացության նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է The Straits Times հրատարակությունը: Սակայն առաջվա պես գիշերը կգործի վեցժամյա պարետային ժամը: Արգելված են տեղափոխությունները երկրի նահանգների միջեւ, զանգվածային հավաքները եւ միջոցառումները: Նաեւ առողջապահության նախարարությունը հորդորել է ընկերություններին՝ ապահովել իրենց աշխատակիցների աշխատանքը տնից:
Մինչեւ հոկտեմբերի 15-ը այն անձանց թիվը, որոնց թույլատրված է ներկա գտնվել հարսանիքներին եւ հուղարկավորություններին, կսահմանափակեն տասով: Թույլատրված է սպորտային մրցույթներ անցկացնել, բայց առանց հանդիսականների մասնակցության: «Գերակայությունն այն հաջողությունների պահպանումն է, որոնք ձեռք են բերվել COVID-19-ով ախտահարումների զսպման եւ մահացության սարսափելի թվերի նվազման գործում»,-հայտարարել է առողջապահության նախարար Կեխելիա Ռամբուկվելլան:
Մինչդեռ, իշխանությունները եռանդուն կերպով պատվաստման արշավ են անցկացնում երկրում. մոտավորապես 21 մլն բնակչությունից լիովին պատվաստել է 56 տոկոսը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շրի Լանկայի առողջապահության նախարարությունը չեղարկում է թեստավորումը այն զբոսաշրջիկների ժամանումից հետո, որոնք անցել են կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ կուրսը եւ ունեն ՊՇՌ-թեստի բացասական արդյունքով տեղեկանք: COVID-19-ի հիվանդացության աճը Շրի Լանկայում դիտվում է ապրիլ ամսից, եւ հիվանդության արագ տարածման պատճառն այն ժամանակ համարել են այս երկրում ավանդական Նոր տարվա տոնակատարությունն ապրիլի կեսերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: