MEA CULPA․․․ անբարոյականության ու սրբապղծության ծես

44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցանկացած միջոցառում վերածվում է անբարոյականության ու սրբապղծության ծեսի։ Զոհերի հիշատակը հարգելու մասին տեքստերում հորդող պաթոսն ու Եռաբլուրում ցուցանվող ձևականությունը գռեհիկ են դարձնում ցանկացած արարողություն, որի միակ իմաստը պետք է լիներ ապաշխարումն ու մեղքերի թողության հայցումը։

Բայց բոլոր այդ արարողություններում կա ամեն ինչ, բացի ապաշխարանքից։ Ընդ որում, որքան ավելի մեծ է գերեզման այցելողի մեղքի բաժինը, այնքան ավելի ցածր է նրա խոնարհումը զոհվածների շիրիմներին՝ բառի ոչ միայն ֆիզիկական, այլև առաջին հերթին՝ բարոյական ու արժեքային իմաստով։ Ահա այդ ապաշխարության բացակայությունը բազմապատկում է մեղքի ու մեղավորության չափաբաժինը, որում արդեն մեկ տարի ապրում են Հայաստանն ու Արցախը։

Այդ մթնոլորտն անդառնալիորեն խախտել է կյանքի բնականոն ընթացքը, որն այսկերպ շարունակվելու դեպքում չի կանոնավորվելու դեռ շատ երկար ժամանակ։ Իսկ ընթացքը խախտվել է, որովհետև խախտվել են այդ կյանքի դերակատարների դերերն ու տեղերը՝ մեղավորները դարձել են դատողներ ու խոնարհվողներ՝ ապաշխարանքի փոխարեն՝ ստանալով իշխանություն, զղջումի փոխարեն՝ ամբարտավանություն ու ցինիզմ։

Այս խեղված ընթացքով ու դերակատարներով կյանքում զոհվածներն ավելի կենդանի են, քան նրանց կորուստը սգացող հարազատներն ու բոլոր նրանք, ովքեր գիտակցում են կատարվածի ողբերգականությունն ու չեն տրվում կյանքի շարունակականության մասին քարոզվող այն թեզին, որի հիմքում ընկած է մոռացումն ու հրաժարումն այն ամենայնից, ինչը պաշտպանելու համար զոհվեցին հազարավոր երիտասարդներ։

Այս իրականությունը սահմռկեցուցիչ է ճիշտ այնքան, որքան իրողությունը, որ դրա հեղինակները շարունակում են կյանքի նույն անսուրբ ընթացքը, որի վերջնանպատակը նվաստացուցիչ «հաշտությունն» է բոլոր նրանց հետ, ովքեր սպանել են Եռաբլուրում, Հայաստանի ու Արցախի բոլոր բնակավայրերում հանգչող երիտասարդներին։

Տեսարանը, երբ մեկն առավոտյան խոնարհումի էքզիբիցիա է կազմակերպում գերեզմանում, ապա շտապում աշխատանքի՝ հերթական «դրական ազդակը» փոխանցելու այդ նույն գերեզմանում ամփոփված տղաներին սպանողներին, կարող է հատուկ ուշադրության արժանանալ սադիզմի յուրահատուկ տեսակներով զբաղվող գիտնականների համար։ Բայց դա հենց այն իրականությունն է, որում արդեն ուղիղ մեկ տարի ապրում է Հայաստանը։

Պետությունն ու հասարակությունը, որոնք ապրում են մեղքի ու մեղավորության այսպիսի մթնոլորտում, չի կարող զարգացման որևէ հեռանկար ունենալ, որովհետև դա ուղղակի դեմ է բնության ու մարդկայնության բոլոր օրենքներին ու օրինաչափություններին։ Հայաստանը որևէ կերպ պետք է ազատվի այդ մեղքից, պետությանն ու հասարակությանն անհրաժեշտ է անհատական ու հավաքական ապաշխարում։ Եթե, իհարկե, արդեն չափից ավելի ուշ չէ։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս