«9 ամիս է՝ ամեն օր երթևեկում եմ այդ ճանապարհներով, այդ ճանապարհին ադրբեջանցի չտեսնելը, բնականաբար, ինձ համար ամենացանկալին է». Կալավանցի Ռոբերտը շարունակում է մնալ գործուղման մեջ

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը՝ ավելի հայտնի կալավանցի Ռոբերտը, գործուղվեց Սյունիքի մարզ։ Չնայած որոշման մեջ նշված էր, որ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, այդուհանդերձ Ռոբերտ Ղուկասյանը մինչ օրս Սյունիքում է։

168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ դեռևս գործուղման մեջ է, մարզում բազմաթիվ աշխատանքներ են արվել աշխատանքային խմբի շրջանակներում և դեռ բավականին աշխատանքներ կան իրականացնելու։

«Ես, իհարկե, չգիտեմ, թե որքան երկար ձևաչափով աշխատանքային խումբը կաշխատի Սյունիքում, դա որոշելու է վարչապետը։ Բնականաբար, անելիքները մարզում շատ-շատ են, հատկապես սոցիալ-տնտեսական բնույթի և մասնավորապես՝ Կապանի գյուղերում, որտեղ խնդիրը շատ լուրջ է՝ նկատի ունենալով թե՛ խմելու ջրի հետ կապված խնդիրները, թե՛ բնակֆոնդի վերաբերյալ խնդիրները։ Կարծում եմ՝ դեռ երկար տարիներ պետք կլինեն այնտեղ անելիքներն իրականություն դարձնելու համար»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը։

Նա դժվարացավ ասել, թե դեռ որքան ժամանակ կշարունակի մնալ Սյունիքում, նշելով, որ գործուղման հետ կապված հարցերը որոշում է Նիկոլ Փաշինյանը։

«Այն պահից սկսած, երբ կգտնի, որ այլևս աշխատանքային խումբն այդ ձևաչափով անելիքներ չունի Սյունիքի մարզում, բնականաբար, կդադարի նաև իմ գործուղումը։ Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Սյունիքում կան խնդիրներ, որոնք ավելի շատ են, ու անհրաժեշտ է, որպեսզի դրանք լուծվեն։ Բայց կոնկրետ այս ֆորմատով չեմ կարող ասել, թե ինչքան կտևի»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Շուռնուխում կառուցվող տներին, որոնք պետք է տրամադրվեն այն ընտանիքներին, որոնց տներն այս պահին գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ, Ռոբերտ Ղուկասյանն ասաց, որ այնտեղ հաճախ է գնում, հետևում շինարարության ընթացին, այնտեղ ինտենսիվ շինաշխատանքներ են ընթանում։

Հարցին՝ թշնամին Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ է տեղադրել, այդ ճանապարհները հատելիս ի՞նչ խնդիրների է բախվել՝ տարբեր գյուղեր գնալու ընթացքում, Ռ. Ղուկասյանը պատասխանեց.

«Արդեն 9 ամիս է՝ ամեն օր երթևեկում եմ այդ ճանապարհներով, այդ ճանապարհին ընդհանրապես ադրբեջանցի չտեսնելը, բնականաբար, ինձ համար ամենացանկալին է։ Ամսվա 99,9 տոկոսն անցկացնում եմ Սյունիքում»։

Նա նաև ընդգծեց, որ մարզում իր համար առաջնային խնդիրներից մեկը ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն է, թե ինչպես անեն, որպեսզի խմելու և ոռոգման ջուր կարողանան հասցնել յուրաքանչյուր բնակավայր:

«Այս պահին նախաձեռնել ենք երեք գյուղեր՝ Ուջանիս, Ագարակ և Ճակատեն համայնքները արևային ջրատաքացուցիչներով ամբողջովին ծածկելու գործընթացը, որպեսզի տաք ջուր մտնի մարդկանց տները։ Դրան զուգահեռ՝ խմելու ջրագծերի հետ կապված խնդիրներ կան»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը։

Տեսանյութեր

Լրահոս