Կառավարությունը աճուրդի կհանի 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր
Պետական գանձարանում պահվող զմրուխտներն, ադամանդները, ինչպես նաև այլ թանկարժեք քարեր, ոսկյա և արծաթյա զարդերն ու ձուլակտորները կհանվեն աճուրդի։
Այս մասին համապատասխան նախագիծը գործադիրի համաձայնությանն է ներկայացրել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:
Իրերի իրացումից ձևավորված գումարն ուղղվելու է պետական բյուջե` պետության ռազմավարական խնդիրների արդյունավետ լուծմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի պետական պահուստներն արդյունավետ օգտագործելու ֆինանսական, գիտական, սոցիալական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները բավարարելու նպատակով:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի շուրջ 622,0 միլիոն դրամ արժողությամբ բարձր իրացվելիություն ունեցող և արժութային արժեք համարվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի: