«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ»․ Սոս Սարգսյան

Ամիսներ շարունակ մեր թիմն ապրեց անհանգիստ, զգայուն, պատասխանատու օրեր՝ ստեղծելու համար «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ» նախագիծը և այն արդեն իրականություն է:

Հեռուստատեսային ժանրի մինչև հինգ րոպե տևողությամբ տասը վիզուալիզացված տեքստեր, որոնք արժեհամակարգային նշանակություն ունեն, որոնք երևելի անհատների միջոցով «խոսում» են մեր երկրի, հայրենիքի, պետության, պետականության, մեր անցյալի, ներկայի ու ապագայի մասին:

Ցավոք, մենք շատ բան չենք հասկացել հարյուրամյակներով, շատ բան չենք ըմբռնել, շատ բան չենք յուրացրել, թեպետ նրանք՝ այդ երևելի անհատները, գրեթե մարգարեաբար են ասել իրենց ասելիքը՝ շաղկապելով անցյալը, ներկան ու ապագան:

Եվ սա ևս մեկ փորձ է՝ օգնելու մեզ, որ յուրացնենք, ըմբռնենք, հասկանանք, ի վերջո, մեզ, որ անընդհատ չանենք դարձ ի շրջանս յուր: Անընդհատ չկանգնենք նույն խնդրի առաջ:

Անչափ շնորհակալ եմ մեր փոքրիկ թիմին՝ ռեժիսոր ՍՈՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, համակարգչային մոնտաժող ու ձևավորող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ, օպերատորներ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ՆԱՐԵԿ ՄԵԼՈՅԱՆԻՆ, որոնք սիրով, հավատով, նվիրումով, իսկապես՝ մեծ նվիրումով իրականացրեցին այս նախագիծը:

Շնորհակալ եմ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, «ԱրթԶ» կրթամշակութային ընկերությանը, որ առանց վարանելու գիտակցեցին այս կարևոր ձեռնարկի նշանակությունը և նեցուկ եղան:

Եվ այսպես. ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ, ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ, ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ, ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ, ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ, ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ:

Այո, նախագիծը կարող էր բաղկացած լինել ոչ թե տասը, այլ ավելի անհատների ժառանգության նյութից: Կարող էր: Հայ ժողովուրդը երևելի անհատների ժողովուրդ է: Բայց մենք արել ենք այսքանը: Հուսանք՝ կշարունակենք:

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ artկոնցեպտ»-նախագիծը մենք նվիրում ենք Հայաստանի Անկախության 30-ամյակին:

Մեր խոնարհումը բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայաստանի Անկախությանն ու հայ ժողովրդի Ազատությանը:

Մեր հարգանքը և խոնարհումը բոլոր այն երևելի անհատներին, որոնք իրենց կյանքով, գործով, ապրածով, մտքով բերել են Անկախությունն ու ազատությունը:

ԱՐԱՅԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նախագծի հեղինակ

Տեսանյութեր

Լրահոս